ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Թուրք զինվորականները կմաքրեն Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ լեռների շրջանը Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամներից, հայտարարել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Քանդիլն ահաբեկչական կազմակերպության որջ է, որտեղից նրանք փորձում է կապեր հաստատել արտասահմանյան երկրների հետ։ Մեր զինվորականները հաջողությամբ հաշվեհարդար են տեսնում այս կազմակերպության հետ, մնացել է միայն Քանդիլը, և եկել է դրա հերթը։ Այն մաքրելուց հետո ահաբեկչության դեմ պայքարն ավելի հաջող կշարունակվի։ Նրանք, ովքեր աջակցում են ՔԲԿ-ին, նոր հարված կստանան։ Այդ գործողությունները մեր հնարավորությունների տեսանկյունից բարդություն չեն ներկայացնում։ Թուրքիան վերջապես կազատվի այդ աղետներից, դա հանգստություն կբերի մեր երկրի արևելյան և հարավարևելյան հատվածին», — մեջբերում է Սոյլուին A24 հեռուստաալիքը։
Թուրքիայում 2015թ-ի հուլիսին` ՔԲԿ-ի հետ զինված հակամարտությունը վերսկսելուց հետո, քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մահացել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ շրջանում անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԲԿ-ի ավելի քան 10 հազար անդամի։ Իրաքի հյուսիսում գտնվում են քրդական ջոկատներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն անցկացնում են օդային և ցամաքային գործողություններ։