«Նրանք սևերես արեցին ինձ». ֆուտբոլիստներին կպատժեն Ռուսաստանի հավաքականին պարտվելու համար

Սաուդյան Արաբիայի սպորտի ազգային կոմիտեի նախագահը թիմի պարտությունը կատարյալ ձախողում է անվանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներից մի քանիսը կարգապահական պատիժ կկրեն Ռուսաստանի հավաքականին ջախջախիչ հաշվով պարտվելու համար։ Այս մասին հայտնում են սաուդյան լրատվամիջոցները։

Մխիթարյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2022 թվականի առաջնությանը

Երեկ Աշխարհի առաջնության բացման խաղն ավարտվեց Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակով` 5:0 հաշվով։

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ադել Ազզատը հայտարարել է, որ ազգային հավաքականի երեք խաղացողներ կենթարկվեն կարգապահական պատժի:

«Մեզ շատ է տխրեցրել այս պարտությունը: Սա բացարձակ անբավարար արդյունք է, քանի որ այն չի արտացոլում մեր պատրաստականության մակարդակը», — ասել է Ազզատը։

Պատժվելու են դարպասապահ Աբդուլ Ալ Մայուֆը, հարձակվող Մոհամմադ Ալ Սահլավին և պաշտպան Օմար Հավսավին։

Այս պարտությանն արձագանքել է նաև սպորտի ազգային կոմիտեի նախագահ Թուրքի Ալ աշ Շեյխը։ Նրա խոսքով` հավաքականի խաղացողները «սևերես են արել իրեն»։

«Ես անձամբ եմ պատասխանատու այդ արդյունքի համար Նորին գերազանցություն գահաժառանգ արքայազնի ու սպորտային հասարակության առջև», — գրել է Աշ Շեյխը։

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղը տեղի ունեցավ Մոսկվայում «Լուժնիկի» մարզադաշտում հունիսի 14-ին։ Մրցաշարի փակումը տեղի կունենա նույն վայրում` հունիսի 15-ին։

Խաղերը կանցկացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։