Սամվել Ալեքսանյանին «մաքրում» են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ նա ապրանքը մաքսազերծում է շաքարավազի հումքի անվան տակ, որը հաշվարկվում է ավելի քան 50 տոկոս նվազ արժեքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Իշխանափոխությունից հետո գործարար պատգամավոր, ՀՀԿ խմբակցության արդեն նախկին անդամ Սամվել Ալեքսանյանի անունը շրջանառվեց բացառապես միրգ-բանջարեղենի առևտրի կազմակերպման առումով, որն, ըստ էության, իրականում եղել է պետության հետ պարզ համաձայնության արդյունք: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Սամվել Ալեքսանյանը լքեց «Հանրապետական» խմբակցությունը

«Այսինքն, լուրջ կրիմինալ փնտրելն այստեղ հենց Ալեքսանյանի առումով լուրջ չէ, թեկուզ թեման մեծ աղմուկով մատուցվեց: Ավելին, հենց հաջորդ օրը կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հարկային արտոնություն տվեց նրա ձեռնարկություններից մեկին: Տպավորությունն այնպիսին է, որ փորձ է արվում այսպիսով հասարակության ուշադրությունը շեղել ավելի լուրջ խնդիրներից»,- նշված է թերթում:

Հոդվածագիրը մասնավորեցնում է. որպես շաքարավազի ներկրման մենաշնորհ դիրք ունեցող՝ Սամվել Ալեքսանյանը միայն այս դաշտում տարեկան 50-60 մլն դոլարի եկամուտ ունի:

«Բանն այն է, որ նա ապրանքը մաքսազերծում է շաքարավազի հումքի անվան տակ, որը հաշվարկվում է ավելի քան 50 տոկոս նվազ արժեքով, ուրեմն և համապատասխանաբար պակաս է վճարում մաքսազերծման համար»,- գրված է թերթում:

Ըստ «Փաստի»` արդյունքում շաքարավազ ներմուծողները կամ ներմուծել ցանկացողները մրցակցությունից դուրս են մնում, քանի որ մաքսազերծումն իրականացնում են հենց շաքարավազի անվան տակ, այսինքն՝ անհամեմատ բարձր արժեքով: Սակայն ԱԱԾ բացահայտումներն այս մասին լռում են։