Կրեմլը մեկնաբանեց Փաշինյանի ու Ալիևի ծանոթությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ սա ընդամենը առաջին ծանոթությունն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը միայն առաջին ծանոթությունն էր, շարունակության մասին խոսելը վաղ է, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյանը ծանոթացել է Ալիևի հետ

Ավելի վաղ Հայաստանի կառավարության ղեկավարը Facebook սոցցանցի ուղիղ եթերում հայտնել է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է նրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Սա դեռ առաջին ծանոթությունն էր։ Այդ պատճառով դեռ վաղ է խոսել շարունակության մասին», — ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժե սպասել եռակողմ կամ երկկողմ ձևաչափով հանդիպման։

Փաշինյանն ասել էր նաև, որ սա «ծանոթացման արարողակարգի» նման մի բան էր, որևէ շփում, զրույց կամ քննարկում չի եղել։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել երկօրյա այցով` մասնակցելու 2018 թվականի Աշխարհի առաջնության բացմանը։