Նոր մշակույթ Հայաստանում. իշխանությունները կկատարե՞ն բոլոր պարտականությունները

Հայաստանի այսօրվա կառավարությունը պատրաստ է կատարել իր ստանձնած պարտականությունները, համոզված է «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Նոր կառավարությունը պետք է որդեգրի աշխատելու նոր մշակույթ, ինչը և փորձում է անել` հասարակությանն անընդհատ բացատրելով, տեղեկացնելով ու հաղորդակցելով մարդկանց հետ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը։

«Օրինակ` Նիկոլ Փաշինյանն անում է դա` ուղիղ եթերում պատասխանելով իրեն ուղղված հարցերին», — ասաց Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ հասարակության ու իշխանության երկխոսությունը առողջ համակարգի նշան է։

«Կառավարության ներկայացուցիչները պետք է ծառայեն ժողովրդին, և դա բնական է։ Կառավարությունը հենց դրա համար է կառավարություն, որ կյանքի կոչի հասարակության երազանքը», — ասաց Պողոսյանը։

Փաշինյանը ծանոթացել է Ալիևի հետ

Նրա կարծիքով` թեև մեկ օրվա ընթացքում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, սակայն գործող կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է բացթողումներին, Պողոսյանը նշեց, որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։

Պողոսյանը ողջունեց նաև կառավարության ծրագիրը, որում ներկայացված է հանրապետության զարգացման տեսլականը։

«Կառավարությունը պատրաստ է կատարել իր բոլոր պարտականությունները հաստատված բյուջեի շրջանակում։ Միաժամանակ մեկնարկել է կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական ոլորտի զարգացման նոր հնարավորություններ են բացվել», — ասաց կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանը վստահ է, որ իշխանությունները աշխատում են նաև առաջիկա արտահերթ ընտրություններն անաչառ ու արդար անցկացնելու ուղղությամբ։

Հայաստանի ԱԺ-ն հունիսի 7-ին հաստատեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը: Այն հաստատվեց ՝ 62 կողմ, 39 դեմ ձայներով: Կառավարության ծրագրի ընդունումով, փաստորեն, սպառվեց ԱԺ-ն ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սահմանադրական դրույթը:

Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-սփյուռք կապեր։