Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ. ո՞վ կփոխարինի Կոստանյանին

Կառավարությունը հին դեմքերը փոխարինում է նորերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Աղվան Հովսեփյանն այսօր ազատվեց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի, Էդգար Գևորգյանը` ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս որոշումներն այսօր կայացրեց ՀՀ կառավարությունը հերթական նիստի ընթացքում:

Վիգեն Սարգսյանը զրկվեց ևս մեկ պաշտոնից. հայտնի է` ով կփոխարինի նրան

Մեկ այլ որոշմամբ էլ Ավետիք Էլոյանին կառավարությունը նշանակեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ: Պաշտոնանկությունների ու նշանակման մասին նախագծերը ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Հարցերը հաստատվեցին միաձայն` առանց քննարկման և հարց ու պատասխանի:

Մեկ այլ պաշտոնանկության որոշում էլ կառավարությունը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Դրանով առաջարկվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից ազատել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին:

Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես կփոխարինի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը` մինչ նոր նշանակումը: Ներկայացուցչի նշանակումն օրենքով վերապահված է ՀՀ վարչապետին: