Պայմանավորվեցին. Հայաստանը 40%–ով շատ իրանական գազ կստանա

Հայաստանի ջերմակայանները էլեկտրականություն են ստանում իրանական գազից։ Մի մասը Իրանին են տալիս, մի մասը «տանն» է մնում, այնպես որ որքան ավելի շատ փոխանակում լինի, այնքան ավելի լավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. 2018 թվականին Հայաստանն Իրանից նախատեսված ծավալից 40%-ով շատ գազ կստանա։ Պայմանավորվածությունն արդեն կա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից։

Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք ավելի բացառիկ գին ենք ուզում. Փաշինյան

Առաջիկայում նախարարության պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկեն այդ հարցը։

Հայաստանը իրանական գազ է գնում ջերմային էլեկտրակայանների աշխատանքի համար։ Գազի յուրաքանչյուր խորանարդ մետրից Հայաստանի ջերմակայանները 4 — 4,5 կիլովատ/ժամ էներգիա են արտադրում։ Դրանցից երեքը Հայաստանն Իրանին է տալիս, մնացածն իրեն է պահում։

Հայաստանն Իրանից տարեկան 370-380 միլիոն խորանարդ մետր գազ է ստանում։ Ռուսաստանից ստացած գազի ծավալը համարյա հասնում է երկու միլիոն խորանարդ մետրի։

2019 թվականից հնարավոր կլինի երեք անգամ ավելի շատ էլեկտրականություն մատակարարել Իրան։ Դա հնարավոր կլինի Իրանում երրորդ բարձրավոլտ գծի (400 կՎ լարման) շինարարությունից հետո ։

Սակայն նախարարությունում կարծում են, որ հիմա էլ կարելի է ավելացնել մատակարարումները։ Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» վերջին տարիների արդիականացումը թույլ է տվել ավելացնել դրանց թողունակությունը։

Գազի սակագինը կարող է նվազել 70 դոլարով. փորձագետը հաշվել ու սպասում է գործնական քայլերի

Նախարարությունից նշեցին, որ հաշվի առնելով այս ամենը` Հայաստանն ու Իրանն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի` 2018 թվականին հանրապետությունը գազի նախատեսված ծավալից 40%-ով ավելի շատ գազ կստանա։

Սկզբում «գազ-էլեկտրականություն» փոխանակմամբ աշխատում էր միայն «Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը»։ 2016 թվականից այդ սխեմայով սկսեց գործել նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը։ Այն միանում է, երբ Երևանի ՋԷԿ-ը չի հասցնում օգտագործել ստացած գազը։

Հիմա «Հրազդան —5»-ը աշխատում է ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ, քանի որ էլեկտրացանցը, առաջին հերթին, գնում է համեմատաբար էժան էլեկտրաէներգիա (ՀԷԿ-ից ու ատոմակայանից), որպեսզի սպառողների համար գինը շատ բարձր չլինի։ Սակայն եթե կայանը սկսի էլեկտրաէներգիա արտահանել, այդպիսի ռիսկեր չեն առաջանա։