ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Մեր երկու երկրների կառավարությունների խնդիրն է ոչ միայն ամրապնդել հարաբերությունները, այլ նաև նորովի զարգացնել դրանք։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լակոտի ընդունելության ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և ընդգծել. «Մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցին ու պատասխանատվությամբ նախապատրաստվում աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»:
Դեսպանը նշել է, որ մեր երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները թույլ են տալիս նորովի վերաբերվել հայ-ֆրանսիական հարաբերություններին: «Ֆրանսիայում մեծ ուշադրությամբ էին հետևում Հայաստանի իրադարձություններին և այժմ շատերի մոտ կա ցանկություն գալ այստեղ: Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակի զարգանալ, քանի որ Ձեր նախաձեռնած հեղափոխության արժեքները համապատասխանում են այն արժեքներին, որոնք որդեգրում է կազմակերպությունը»,- ասել է դեսպանը: Ժոնաթան Լակոտն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստակամ է ընդառաջ գնալ Հայաստանին ու նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ էապես կարևորելով տնտեսական փոխգործակցության զարգացումն ու խորացումը: Դեսպանը շեշտել է, որ Ֆրանսիան այսօր առավել քան երբևէ Հայաստանի կողքին է՝ ՀՀ նոր կառավարության նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: