ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Փախստականներն օրենսդրությամբ սահմանված կարգով կկարողանան սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Իսկ խոսքը 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում քաղաքացիություն ստացած անձանց մասին է։
«Սույն որոշման հավելվածով հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին»,- ասված է նախագծում:
Նշված տարածքների սեփականաշնորհվող բնակելի հատվածի հատակագիծը ներկայացնելուց հետո պետական կառավարման մարմինը բնակիչների հետ պետք է կնքի նվիրատվության պայմանագրեր: