Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հարցով բանակցություններին. Պողոսյան

Ադրբեջանի համար գոյություն ունի հակամարտության կարգավորման միայն ռազմական լուծման տարբերակը, կարծում է «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Ադրբեջանը պատրաստ չէ բանակցությունների ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Թևան Պողոսյանը։

Փաշինյանը ծանոթացել է Ալիևի հետ

Պողոսյանի խոսքով` դա ևս մեկ անգամ ապացուցում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի` վերջերս հնչեցրած պատասխանը` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Հիշեցնենք` ռուս լրագրողը հարցրել էր Պուտինի մամուլի քարտուղարին` արդյո՞ք նախատեսվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Մոսկվայում կհանդիպեն, որին, ՀՀ արտգործնախարարության գնահատմամբ, նա շատ կոռեկտ պատասխան է ստացել։ Պեսկովն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում, քանի որ Մոսկվա է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երևանում դա բացատրում են այն հանգամանքով, որ ռուս լրագրողը տեղյակ չէ Հայաստանում կատարված սահմանադրական փոփոխություններից, որոնց արդյունքում նախագահի լիազորությունները փոխվել են։ Այդուհանդերձ նշենք` Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում։

Պողոսյանը կարծում է, որ Պեսկովի պատասխանը փաստացի վկայում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ չէ Արցախի հարցով բանակցությունների. նա համոզված է, որ Ադրբեջանի համար արցախյան հիմնախնդրի միայն մեկ լուծում կա` պատերազմը։

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան», — ասաց Պողոսյանը։

Նա նաև դրական է գնահատել Փաշինյանի մոսկովյան այցն ու նրա հանդիպումը Պուտինի հետ։

Հիշեցնենք` հունիսի 13-14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա։ Նա նաև մասնակցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Այցի շրջանակում Փաշինյանը ծանոթացել է Ադրբեջանի նախագահի հետ։ Այդ մասին վարչապետն ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Այնտեղ ներկա էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց», — ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշել է, դա «ծանոթության արարողակարգի» նման մի բան էր, որևէ շփում, զրույց կամ քննարկում չի եղել։