Մեդվեդևը ծանոթացել է Փաշինյանի հետ ու Հայաստանն անվանել «մոտ դաշնակից»

Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը ծանոթացել են և խոսել ապագա ծրագրերի ու երկու երկրների հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել համատեղ իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:

Հայտնի գիտնականը Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ՀՀ քաղաքացիություն տա դստերը. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցությանը, էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերին:

Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ ուրախ է Փաշինյանի հետ ծանոթանալու համար և շնորհավորել է Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, պետություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ անդամակցում է ինտեգրացիոն միավորումներին և ՀԱՊԿ-ին: Ընդհանուր առմամբ, մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Այս առումով, կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարևոր է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Աշխարհի առաջնությունը լավ հնարավորություն է, որպեսզի «համադրենք ժամերը», վերջերս այցելել էիք այլ միջոցառման մասնակցելու համար և հանդիպել մեր երկրի նախագահի հետ: Այժմ վատ հնարավորություն չէ դիտարկել, թե ինչ վիճակում են գտնվում մեր հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ կերպով, դա կապված է նաև նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը ևս զարգանում է, ինչը նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքի արդյունք է»,- ասել է Մեդվեդևը։

Մարգարիտա Սիմոնյանը Փաշինյանի հետ գինի է խմել ու կարևոր հարց ուղղել

Նա նաև հիշեցրել է, որ 2017թ-ի տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ստորագրել են մի շարք կարևոր համաձայնագրեր, և այժմ ժամանակն է զբաղվել դրանց իրականացմամբ:

Նիկոլ Փաշինյանը ևս ուրախություն է հայտնել ՌԴ վարչապետի հետ անձնապես ծանոթանալու համար և շնորհավորել Ռուսաստանի օրվա ու ֆուտբոլի Աշխարհի առաջնության կապակցությամբ։

«Դա մեծ իրադարձություն է, Ռուսաստանն այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, և ես հաջողություններ եմ մաղթում ռուսական թիմին այսօրվա խաղում և ընդհանրապես առաջնության ընթացքում: Իհարկե, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ: Դրանում ես չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, և՛ տնտեսության, և՛ այլ ոլորտներում»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար կարևոր է ԵԱՏՄ-ին անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ։

«Մենք ունենք շատ ընդհանուր ազգային շահեր, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան շատ արդյունավետ, ու մենք կներդնենք բոլոր ջանքերը դրա համար: Կա լավ և անհրաժեշտ մթնոլորտ, ուստի պետք է տրամադրվել արդյունավետ և դինամիկ աշխատանքի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին մասնակցելու համար:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը երեկ` հունիսի 13-ին, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: