ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Շատ երջանիկ եմ, որ Հայաստանի Հանրապետության անունից կարող եմ մասնակցել խորհրդային հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը։ Այս մասին ասել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր «Փառքի Բլուրում» ներկա է գտնվել մարշալ, Խորհրդային Միության հերոս, Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությանը:
«Ուզում եմ հատուկ նշել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրված է հայ ժողովրդի հերոսական պատմության էջերում՝ Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսական մարտերին կռվողների անունների հետ, որոնց հարյուրամյակը Հայաստանը նշեց կես ամիս առաջ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու նվիրաբերման արարողությունը վկայում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն հարգում են Հայրենական պատերազմի հերոսներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում են սերնդից սերունդ` հավելելով, որ Հայրենական պատերազմից չի վերադարձել իր պապը, ում անունն ինքը կրում է:
Հավաքվածները Նիկոլ Փաշինյանին ճանապարհեցին՝ «դուխով», «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը և մեկնարկային՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղին մասնակցելու համար:
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը երեկ` հունիսի 13–ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: