Ի՞նչ արդյունքի բերեց հայկական խորովածը. Իբրահիմովիչի գոլերն ու Մխիթարյանի երազանքները

Հենրիխ Մխիթարյանը պատմել է մի հին ու զվարճալի պատմություն և խոսել երազանքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 hունիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը sports.ru–ի հետ զրույցում պատմել է մի հետաքրքիր ու զվարճալի պատմություն` կապված իր և Զլատան Իբրահիմովիչի հետ։

«Մանչեսթեր Յունայթեդում» նախկին շվեդ թիմակցին մի անգամ հայ ֆուտբոլիստը հրավիրում է հայկական ռեստորան։

«Բարև, ես Հենրիխ Մխիթարյանն եմ». խաղալիք Հենոն արդեն վաճառքում է

«Մի օր Մանչեսթերում Իբրահիմովիչի հետ գնացինք հայկական ռեստորան։ Զլատանը խորոված կերավ, իսկ երկու օր անց Եվրոպայի լիգայում երեք գոլ խփեց «Սենթ Էթյենին»»,–ժպիտով խորովածի ազդեցությունն է հիշում Մխիթարյանը։

Հայ ֆուտբոլիստը նաև խոստովանում է, որ իր համար աշխարհի ամենալավ քաղաքը Երևանն է։ «Հայաստանում խորհուրդ կտամ լինել Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդում, Արցախում»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է պարբերականը։

Երազանքների մասին խոսելիս` ասում է, որ օրինակ` այն ավտոմեքենան, որի մասին երազել է, արդեն ունի՝ Lamborghini Aventador։ Ամենօրյա ավտոմեքենան Mercedes GLA–ն է։

«Քիչ են երազանքներս։ Ամեն անգամ, երբ իրականացնում եմ մեկը, վերածնվում է մյուսը։ Ես երբեք կանգ չեմ առնում և չեմ բավարարվում ձեռքբերածով։ Առաջին երազանքս լավ մարդ լինելն է, երկրորդը՝ ընտանիքն ու երեխաները։ Մնացածը դրանից հետո կգան»,–պատմել է հայ կիսապաշտպանը։