Մխիթարյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2022 թվականի առաջնությանը

2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը բարդ խնդիր է, հատկապես այն պատճառով, որ հավաքականի խաղացողներից շատերն արտասահմանյան ակումբներում խաղալու փորձ չունեն, կարծում է հայ կիսապաշտպանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ իր թիմը կմասնակցի աշխարհի հաջորդ առաջնությանը, այս մասին ասել է «Կոմերսանտին» տված հարցազրույցում։

«Հուսամ` հաջորդ անգամ մենք էլ կլինենք, թեև, անկասկած, բարդ խնդիր է, քանի որ ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների համար դժվար է առաջընթացի հասնել։ Այնտեղ դու կարող ես քեզ աստղ զգալ, իսկ ավելի մրցունակ միջավայրում հայտնվելով` հասկանում ես իրական արժեքդ», — ասել է Մխիթարյանը։

Ուզում եմ, որ նա քննադատների բերանը փակի. Մխիթարյանն ասել է` ով է լավագույն ֆուտբոլիստը

Նրա խոսքով` որքան շատ ֆուտբոլիստներ խաղան առաջատար եվրոպական առաջնություններում, այնքան լավ։

Ինչ վերաբերում է այս տարվա առաջնությանը մասնակցող Ռուսաստանի հավաքականին, ապա ֆուտբոլիստի խոսքով, թիմը բավականին բարդ, բայց նորմալ խմբում է հայտնվել Աշխարհի առաջնության եզրափակիչի համար։

«Այդպես կասեն ֆուտբոլից հասկացող փորձագետների մեծ մասը։ Միևնույն ժամանակ չեմ կասկածում, որ Ռուսաստանի հավաքականն արժանի խաղ կցուցադրի», — ասել է Մխիթարյանը։

Նա կարծում է, որ Աշխարհի առաջնության ֆավորիտներն են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը, Բելգիան, Խորվաթիան։