Քաղաքականություն, փող և «թավշյա հեղափոխություն». ի՞նչ է լինելու ՓՄՁ–ի հետ

Հայաստանում քաղաքականությունն ու բիզնեսը պետք է առանձնացված լինեն։ Սա թույլ կտա ֆինանսական միջոցներ ազատել և ուղղել դրանք դեպի տնտեսության զարգացում, այլ ոչ թե` դեպի ընտրությունների և լոբինգի «կազմակերպում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում ներքաղաքական փոփոխություններն ու «թավշյա հեղափոխությունը» լավ առիթ է գործարարների համար մտածել սեփական սթարթափ հիմնելու մասին։ Այսօր հատկապես արտերկրում ապրող հայերից շատերին հետաքրքրում է, թե հնարավոր կլինի արդյոք փոքր և միջին ձեռներեցությամբ զբաղվել առանց խոշոր բիզնեսի կողմից ճնշման ենթարկվելու, ինչպես նախկինում էր։

Փոքր բիզնեսը` Երևանում

Թամարա Աբաջյանը հայաստանցի գործարար է, զբաղվում է «Մուրաբա» անունը կրող կրեատիվ նախագծով։ Նա վարձակալության է վերձրել տարածք, որտեղ վաճառվում է ամեն ինչ, սկսած ըմպելիքներից, վերջացրած հագուստով և տարբեր մանր–մունր բաներով։ Այստեղ նաև հագուստ են կարում։ Ամեն ինչ տեղի է ունենում բացառապես տնային պայմաններում։

««Մուրաբայի» ստեղծման գաղափարն առաջացավ 10 տարի առաջ, սակայն սկզբնական ներդրում էր պետք։ Մի քանի անգամ եմ փորձել սկսել նախագիծը. արդյունքում ստացվեց։ Ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո. միակ տարբերությունը, որը զգացի «թավշյա հեղափոխությունից» հետո, այն է, որ անդադար հարկայինից չեն զանգահարում և չեն ասում «շրջանառության հարկ վճարեք»», – նշեց Թամարան։

Հայաստանում խոշոր բիզնեսը կփորձի տեղավորվել նոր իշխանության թևի տակ. Իսկանդարյան

Եթե ուզում ես աշխատել, ապա կաշխատես, համոզված է գործարարը։ Նախկինում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները փորձում էին խեղտել փոքր և միջին բիզնեսը, սակայն Թամարան խոստովանում է, որ առանձնակի խնդիրների հետ նա չի բախվել։ Նա կարծում է, որ հարցը փոքր և ոչ թիրախային բիզնես ունենալու մեջ է։

«Եթե Հայաստանում գործարարն ուզում է բիզնեսով զբաղվել օրենքի դաշտում` կանի դա։ Մանրուքներ կան իհարկե, որոնց համար ստիպում են վազվզել. օրինակ, հասարակ ցուցանակ կախելը շենքի վրա մեծ պատմություն է։ Դրա համար ստիպված եղա քաղաքապետարանի և այլ կառույցների դռները թակել։  Սակայն հասա ուզածիս։ Մի բացասական կողմ էլ կա` տարածքի, բնակարանի վարձակալության վճարներն են մեծ։ Չեմ հասկանում, ով է որոշել, թե որքան պետք է արժենա անշարժ գույքը», – բողոքեց Թամարան։

Ինչ վերաբերում է երկրի սուպերմարկետների մեծ ցանցերը բոյկոտելուն և ապրանք գնել փոքր խանութներում (մասնավորապես, բողոքի ակցիայի օրերին), ապա Հայաստանի բնակիչներին դա ձեռնտու չէ, կարծում է բիզնեսլեդին։

Սուպերմարկետներում ապրանքն ավելի էժան է, քան հարևան փոքր խանութում։

«Չի կարելի ձեռքերը ծալած նստել և մտածել, թե հեղափոխության հաջորդ օրը ավելի հարուստ կդառնաս», – համոզված է «Մուրաբա» նախագծի հեղինակը։

Նրա խոսքով` Հայաստանում ՓՄՁ ներկայացուցիչների խնդիրներից շատերն առաջացել են և շարունակում են առաջանալ չտեղեկացված և իրավական առումով անգրագետ լինելու պատճառով։ Մեր զրուցակիցը համոզված է, որ Հայաստանում խնդիրների մեծ մասը հնարավոր կլինի լուծել, եթե ամեն մարդ սկսի սեփական անձից, սեփական գիտակցությունը փոխելուց։

Սթարթափերն ամեն ինչ են

Հայաստանում խոշոր բիզնեսը չի ապրի առանց ՓՄՁ–ի։ Նրանք լրացնում են միմյանց և կարող են կայուն կերպով զարգանալ միայն արդյունավետ փոխգործակցելու պարագայում։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Թավշյա հեղափոխությունից» հետո շատերին հետաքրքրում է ՓՄՁ զարգացման հեռանկարները արդար մրցակցության պայմաններում։

Փոքր բիզնեսին կօգնեն առաջարկություններ ուղղել նոր կառավարությանը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցմամբ պատրաստված Հայաստանի ձեռնարկատիրության աջակցման գրասենյակի (Business Support Office) զեկույցում (2016 թվականի հարկային դաշտի վերլուծություն) ասվում է, որ 2016 թվականին ակտիվ հարկատուների թվում  76%–ը (77 163 սուբյեկտ)  փոքր և միջին բիզնեսն էր։ Այստեղ է մտնում միկրոբիզնեսը (72 188 սուբյեկտ), փոքր (4 030 սուբյեկտ) և միջին (945 սուբյեկտ) բիզնեսը։ 2016 թվականին ՓՄՁ–ն 238 311 աշխատատեղ է ապահովել։

Մարգարյանի խոսքով` Հայաստանում շատ կարևոր է ինովացիոն փոքր ձեռնարկատիրություններին աջակցելը։

«Սա, այսպես ասած, ինտելեկտուալ կապիտալի առանձին դրսևորում է` հայերը սթարթափերի համակարգ են ստեղծում, սա մեզ մոտ արագ զարգացող սեգմենտ է։ Կառավարության ծրագրի առաջնահերթություններից են` բարձր տեխնոլոգիաները, արդյունաբերության ոլորտն ու գյուղատնտեսությունը։ Դրանք, որպես կանոն, զարգանում են որպես փոքր և միջին բիզնեսի պրոդուկտ։ Հայաստանում շեշտը պետք է դնել բացառիկ նախագծերի վրա, որոնք կարող են հաջողությամբ աշխատել շուկայում լավ ֆինանսավորման պարագայում», – ասաց Մարգարյանը։

Խոշոր բիզնեսը, ուզի թե չուզի, պետք է աջակցի փոքր բիզնեսին, մասնավորապես, հեռանկարային և մրցունակ նախագծերին, կարծում է փորձագետը։

Տնտեսագետն ավելացրեց, որ մրցակցության ոլորտում շատ կարևոր է սահմանափակումների վերացումը։

«Ամբողջ երկրով մենաշնորհներ էին գործում, որոնց վերացումը շատ կարևոր է», – ասաց նա։

Քաղաքականությունն ընդդեմ բիզնեսի

Արդեն հայտարարել են, որ չինովնիկները չպետք է բիզնեսով զբաղվեն ճիշտ նույնկերպ, ինչպես և գործարարները չպետք է միջամտեն քաղաքականությանը, նշեց Մարգարյանը։

«Սա հնարավորություն կստեղծի լրացուցիչ ռեսուրսներ հավաքելու համար, որոնք կուղղվեն տնտեսություն։ Չէ՞  որ միջոցներ են ազատվում, որոնք նախկինում գնում էին ընտրողներին կաշառելու, նախընտրական ծախսերի, գովազդի վրա։ Այս բոլոր երևույթների դեմ պայքարը կարող է սոցիալական խնդիրների լուծման աղբյուր դառնալ», – նշեց փորձագետը։

Հունիսի 7-ին, կառավարության ծրագիրը քննարկելիս, Նիկոլ Փաշինյանի ելույթը վերաբերում էր նաև կուտակային կենսաթոշակային համակարգին։ Մարգարյանը նշեց, որ ներկայիս վարչապետի մոտեցումը այս հարցի վերաբերյալ բավական կշռադատված է։

Փաշինյանի կառավարության ծրագրում կոնկրետություն լինել չէր կարող. փորձագետները գիտեն` ինչու

«Իհարկե այս համակարգը կարող էր և չներդրվել հուլիսի 1-ից, սակայն, մեծ հաշվով, տարվա ընթացքում այն պետք է այնպես կարգավորվի, որ զգալիորեն չկրճատվեն քաղաքացիների ընթացիկ եկամուտները։ Պետք է տնտեսել, ծերությունն ապահովելու համար ստեղծել և կուտակել ավելի շատ, քան այսօր», – ընդգծեց նա։

Մարգարյանի խոսքով` Հայաստանում միշտ խնդիր կար. խոշոր բիզնեսը պատին էր դեմ տալիս փոքր բիզնեսին։  Եթե կոռուպցիայի և մենաշնորհի վերացման հետ կապված  հարցը լուծվի, հնարավոր լինի քաղաքականությունն անջատել բիզնեսից, ապա խոշոր խաղացողները ստիպված կլինեն ներդրում անել փոքրերի զարգացման համար, համոզված է տնտեսագետը,  և նրանց իրենց հետևից քաշել. առևտրայնացումը, զարգացումը, ՓՄՁ–ի տրանսֆորմացիան հենց խոշոր բիզնեսի ձեռքում է։

2017 թվականի տվյալների համաձայն, Հայաստանում շուրջ 70 հազար փոքր և միջին ձեռնարկություն է գործում, այդ թվում 58 հազար միկրո և փոքր բիզնեսի սուբյեկտներ, իսկ ավելի քան 10 հազարն աշխատում են միջին մեծության սեգմենտում։