Մի շտապօգնություն ամբողջ Թալինի համար. ինչո՞ւ է ֆրանսիացի զբոսաշրջիկը մահացել Հայաստանում

Հայաստանում զբոսաշրջային ուղևորության ժամանակ Ֆրանսիայի քաղաքացին մահացել է սրտի կաթվածից։ Զբոսավարն իշխանություններին մեղադրում է անգործության մեջ, իսկ հիվանդանոցում հավաստիացնում են, որ հնարավոր ամեն ինչ արել են տղամարդուն փրկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Ֆրանսիացի զբոսաշրջիկը մահացել է սրտի նոպայից Հայաստանում։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունիսի 11–ին։ Զբոսաշրջիկների խումբը` հայ զբոսավարի ուղեկցությամբ, Բյուրականից ուղևորվել է Գյումրի։

Ինչպես հաղորդեց Sputnik Արմենիային Ռուզաննա Շտոյանը, որն ուղեկցել է խմբին, ժամը 15։00–ի սահմաններում ֆրանսիացին վատացել է։ Մի քանի անգամ զանգահարել են շտապօգնություն, սակայն բժիշկներն, անհայտ պատճառներով, ուշացել են։ Զանգահարել են Թալինի հիվանդանոց`  այդ պահին ամենամոտ բժշկական հաստատություն։ Թալինից պատասխանել են, որ շտապօգնության միակ մեքենան կանչով գնացել է Մաստարա։

Նման բան երբեք չի եղել. ինչպես մոսկվացին դարձավ ակտիվիստ Երևանում և չցանկացավ վերադառնալ

«Ստիպված էինք ինքներս զբոսաշրջիկին տանել հիվանդանոց, հասել ենք մինչև Թալին։ Սակայն այստեղ էլ նրանք բախվել են բժիշկների տարրական ոչ պրոֆեսիոնալիզմի հետ։ Տղամարդը մահացել է», – ասաց Շտոյանը։

Նրա խոսքով` դատաբժշկական փորձաքննությունը վերջնական կպարզի զբոսաշրջիկի մահվան պատճառը, բայց անկախ դրանից` Հայաստանի մարզերում բժշկական օգնության որակը և մակարդակը վատ վիճակում են գտնվում։

Թալինի հիվանդանոցում հերքում են իրենց հասցեին հնչած մեղադրանքները` նշելով, որ հնարավոր ամեն ինչ արել են` 78-ամյա տղամարդու կյանքը փրկելու համար։

«Թալին» բժշկական կենտրոնի տնօրեն Կոմիտաս Սաֆարյանի խոսքով, երբ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, նա արդեն կյանքի նշաններ ցույց չի տվել։ Այս պահին տղամարդու մարմինը գտնվում է դիահերձարանում։ Նախնական տվյալներով, որոնք հաղորդել է դատաբժշկական փորձագետը, մահվան պատճառը դարձել է սրտի կաթվածը։

«Նրան մեզ մոտ են բերել սրտի կանգով, մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, փորձել ենք վերականգնել շնչառությունը։ Նա 78 տարեկան է, որքան գիտեմ ֆրանսիացի էր», – ասաց Սաֆարյանը Sputnik Արմենիային։

Նա նշեց, որ իրենք շտապօգնության մեկ մեքենա ունեն, որը տեղում չի եղել։ Մինչև մեքենան վերադարձել է, իրենց հաղորդել են, որ հիվանդին արդեն հիվանդանոց են տանում։

Նրա խոսքով` սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են հայտնվել, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կոռեկտ չեն։