ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Եկեղեցին այն կառույցներից է, որոնք քաղաքականությունից դուրս են, այնտեղ նույնիսկ հանցագործն է իրեն պաշտպանված զգում։ Անթույլատրելի է համեմատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին սատանայի հետ, կարծում է Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
Երևանում հունիսի 6–ից բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի։ Ցուցարարները պահանջում են, որ նա հրաժարվի հոգևոր աստիճանից։ Կաթողիկոսի ու բողոքողների հանդիպումը, նաև տարբեր ճամբարների հոգևորականների կռիվը (Գարեգին Բ–ի կողմնակիցներն ու հակառակորդները հասցրել են հարվածներ փոխանակել) դեռ ոչ մի զգալի արդյունքի չի բերել։
Այս կիրակի ձեռնադրման արարողությունից հետո, որն անցկացնում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում բախում տեղի ունեցավ հոգևորականների միջև։
«Տարօրինակ է, որ հետարքրքությունը եկեղեցու հանդեպ այսպիսի ձև է ստացել։ Ես կարող եմ հասկանալ ու նույնիսկ համամիտ եմ դժգոհության հետ, սակայն չեմ հասկանում ատելության քարոզչությունը, հասկանում եմ վախերը, սակայն չեմ հասկանում` ինչու են կաթողիկոսին սատանայի հետ համեմատում։ Ինձ սատանան է հոգևորական աստիճան տվե՞լ», – ասաց Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում։
Նա ընդգծեց` ոչ ոք Կաթողիկոսից հրաժարական պահանջելու իրավունք չունի, հատկապես `եկեղեցու հետ քաղաքականության լեզվով խոսելու։
Նա ընդգծեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընդունում է Ազգային Եկեղեցական Ժողովը, որն արտացոլում է հայկական եկեղեցու հավատացյալ հոտի կամքը։
«Ես է՛լ, կաթողիկոսն է՛լ, ու ձեզանից յուրաքանչյուրը սխալներ է գործել։ Սակայն ինչպես է կարելի պահանջել, որ մի մարդը լուծի դարերով կուտակված խնդիրները», – ասաց եպիսկոպոսը։
Նա նշեց, որ ցանկացած դեպքում եկեղեցին չպետք է թիրախ դառնա, քանի որ դա հոգևոր ինստիտուտ է։
Նա մեկնաբանել է նաև իր նշանակման մասին լուրերը`նշելով, որ դա կապ չունի այն հանգամանքի հետ, որ նա Կաթողիկոսի համագյուղացին է։
«Ստացվում է` եթե նույն գյուղից ենք, չենք կարող եկեղեցուն ծառայե՞լ», – ասաց եպիսկոպոսը։
Ավելի վաղ Խաչատրյանը հայտարարել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն չի պատրաստվում հրաժարվել հոգևոր աստիճանից։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ պետությունն ու եկեղեցին Հայաստանում իրարից զատ գոյություն ունեն, ու պետությունը չպետք է միջամտի եկեղեցու աշխատանքին։