Արծվիկ Մինասյանը մեկնաբանեց իր և Նիկոլ Փաշինյանի բանավեճը

Կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում ՀՅԴ–ն ու ԲՀԿ–ն միակարծիք են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Պարտադիր կուտակայինի հարցը կառավարության համար փակված չէ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երեկ կառավարության նիստում իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած բանավեճը` ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը` միաժամանակ դա համարելով «նորմալ աշխատանքային պրոցես»։

«Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ մնալ դեմ, քանի դեռ հակառակի մեջ համոզված չեմ: Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին էր, այլ հուլիսի մեկից ուժի մեջ մտնող նախագծի մեղմացման մասին»,- ասաց նախարարը:

Մինասյանը նշեց, որ առաջիկայում պարտադիր կուտակային բաղադրիչը քննարկման առարկա է դառնալու հատկապես դրա սահմանադրականության տեսակետից։

ԱԺ նիստի հայտարարությունների ժամին կուտակային համակարգին անդրադարձավ նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ «Պարտադիր կուտակային համակարգով խախտվում է մարդու սեփականության իրավունքը, որը Սահմանադրությամբ ամրագրված կարևոր սոցիալ-տնտեսական իրավունքներից մեկն է։ Մարդու սեփականությունը նրա կամքին հակառակ տնօրինելը հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու Մարդու իրավունքների միջազգային նորմերին»,-ասաց նա` հավելելով, որ պետությունը չպիտի իր հոգսը դնի քաղաքացիների վրա։

«Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին». Փաշինյանն ու նախարարը վիճեցին

Պետրոսյանը կարևորեց այն, որ այս խմորումների հետևանքով ՀՀ նոր կառավարությունն իր վստահությունը քաղաքացիների մոտ չկորցնի։

Հիշեցնենք` երեկ ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում ընդունվեց կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով առաջարկվում է գործող 5/5 համամասնության փոխարեն սահմանել 2.5/7.5 համամասնությամբ վճարում, այսինքն 2.5%-ը պետք է վճարի քաղաքացին, 7.5%-ը`պետությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրանով շահառու քաղաքացիների բեռը զգալի կնվազի, աշխատավարձերը որոշակի չափով կավելանան։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը դեմ արտահայտվեց նախագծին` նշելով, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն, սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, և ինքը սկզբունքորեն չի կարող կողմ լինել նախագծին։

Վարչապետ Փաշինյանին զայրացրեց նախարարի այս դիրքորոշումը։ Նա ասաց, որ ոչ ոք չպետք է դեմ քվեարկի ընդունվող որոշումներին։

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը տարածվելու է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատողների համար։ Մինչև այդ համակարգին միացել էին պետական կառավարման համակարգի աշխատակիցները և նրանք, ովքեր մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառով համակարգից հրաժարվելու դիմում չէին գրել։