Երբ Հայաստանում սկսվեց «թավշյա հեղափոխությունը», դրա կողմնակի ազդեցություններից ամենաանկանխատեսելին ու վախեցնողը կապվում էր արցախյան հակամարտության առկայության հետ։ Շատ բան էր անհանգստացնում։
Օրինակ` այն, թե Հայաստանում տեղի ունեցած ոչ ստանդարտ իշխանափոխությունը ինչպես կանդրադառնա բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերի և կարողությունների վրա։
Ինչպե՞ս կատարվածին կարձագանքեն այն երկրները, որոնք ստանձնել են կարգավորման պատասխանատվության ծանրությունը, այսինքն` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնց ներկայացուցիչները մասնակցում են գործընթացին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։
Կամ որքանո՞վ են նախապատրաստված երիտասարդ նոր ղեկավարները, որոնք Հայաստանում անցել են իշխանության։ Կկարողանա՞ արդյոք վարչապետ Փաշինյանն արժանի կերպով հակազդել քաղաքական մարտերում «կոփված» Ադրբեջանի նախագահ Ալիևին` այսպես ասած տոհմիկ քաղաքական «ցլին»։
Չէ՞ որ արցախյան խնդիրը չի հանդուրժի անպատասխանատու մոտեցում, ինչպես նաև ժամանակ չի տա երկմտելու և ստորջրյա խութերն ուսումնասիրելու. Իսկ դրանք, անշուշտ, շատ են։
Մյուս կողմից` Ադրբեջանի նախագահին չես նախանձի։ Չէ որ մի բան է նստել բանակցությունների Սերժ Սարգսյանի հետ, որը թեև բոլոր նրբություններին տիրապետող փորձառու բանակցող է, բայց և` ինչ–որ չափով ծանոթ և կանխատեսելի հակառակորդ է։
Մեկ այլ բան է ուժերը չափել երիտասարդ, բոլորովին անծանոթ Փաշինյանի հետ` նոր կերտվածքի քաղաքական գործչի, որը սուր լեզու ունի և կարող է անել անկանխատեսելի, բայց արդյունավետ քայլեր ու հայտարարություններ։
Ինչպե՞ս դիտարկենք Հայաստանի երիտասարդ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ նրա որդին անպայման ծառայելու է հենց Արցախում. կամ նրա կտրուկ պահանջն այն մասին, որ Արցախի ղեկավարությունը պարտադիր պետք է ներկա լինի բանակցային գործընթացին` որպես ինքնուրույն և ինքնաբավ կողմ։
Համաձայնեք, որ Փաշինյանի նման անկանխատեսելի հայտարարությունից հետո Ալիևն իսկապես մտածելու բան ունի։ Մանավանդ` հանկարծ պարզվեց, որ նոր ֆորմացիայի երիտասարդ ու հուսադրող քաղաքական գործիչն ընդունակ է անել արագ ու կտրուկ արտահայտություններ, որոնք առնվազն արդյունավետ են լինում։
Այսպիսով, ստացվում է, որ արցախյան ճգնաժամի քաղաքական կարգավորման ասպարեզում շուտով կբախվեն, ինչպես ասում էր պոետը. «… Ալիքն ու քարը, չափածոն ու արձակը, սառույցը և կրակը»։ Եվ առաջին «բախումը», երևում է, կլինի հենց Մոսկվայում` Լուժնիկիի կառավարական օթյակում։
Կարծում ենք` 2018թ–ի աշխարհի առաջնության բացման ժամանակ չեն խոսի առաջնագծում քաղաքական ու ռազմական դիմակայության հետ կապված հարցերի մասին։ Այն տեղը չէ, ձևաչափն այն չէ։
Սակայն առաջին շփումն ամեն դեպքում շատ կարևոր է։ Առաջին տպավորությունը գրեթե երբեք խաբուսիկ չի լինում։ Հենց այդ պատճառով եզրափակիչի բացման արարողության ժամանակ հայ և ադրբեջանցի մոլի ֆուտբոլասերների ուշադրությունը կերկատվի։
Ինչպիսի՞ն կլինի ձեռքսեղմումը (եթե լինի)։ Ինչպիսի՞ն կլինի դեմքերի, աչքերի արտահայտությունները այն պետությունների ղեկավարների, որոնք մոտ 30 տարի հակամարտության մեջ են։ Համաձայնվեք, որ ավելի դիտարժան թրիլեր է, քան Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումը, նույնիսկ ֆուտբոլի աշխարհի 21–րդ առաջնության ձևաչափում։