Ալեն Սիմոնյանը Սեֆիլյանին ազատ արձակելու երաշխավորագիր է ներկայացրել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորն անձնական պատասխանատվություն է ստանձնում Սեֆիլյանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Պատգամավոր Ալեն Սիմոնյանը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագիր է ներկայացրել։ Այս մասին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Քիչ առաջ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ և երաշխավորագիր ստորագրեցի»,– գրում է նա։

Ժողովրդի հետ չի կարելի խոսել սպառնալիքներով. Փաշինյանը պատասխանեց Սեֆիլյանին

Երաշխավորագրով Ալեն Սիմոնյանը անձնական պատասխանատվություն է ստանձնում առ այն, որ ազատության մեջ գտնվելով Սեֆիլյանը չի խուսափի դատավարական պարտավորությունները կատարելուց, վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց։

Հիշեցնենք` այս տարվա մարտի 20-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

Դատավճռի համաձայն` դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել մեղադրանքը, որ Սեֆիլյանը 2015թ-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով` գույքի ոչնչացմամբ։ Իսկ 2016թ-ին` սահմանադրական հանրաքվեին ընդառաջ` ռազմավարական նշանակության շենքեր գրավելու նպատակով ապօրինի ձեռք է բերել` հրազեն ու ռազմամթերք։