Փաշինյանի կինը խնդրանքով դիմել է ժողովրդին

Նա խնդրում է, որ մարդիկ իրենց դատարկ բնակարանները տրամադրեն սոցիալական խնդիրներ ունեցողներին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, հայրենակիցներին հորդորում է իրենց դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներին։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նիկոլ Փաշինյանի կինը հուզվեց Գյումրիում ու չկարողացավ խոստումը կատարել

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ։ Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ:

Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:

Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել ann.hakobyan2018@gmail.com հասցեին»,- գրել է նա:

Գրառման տակ նա նշել է. «Խորին շնորհակալությամբ և ձեզ հետ միասին աշխարհն ավելի լուսավոր դարձնելու կամքով՝ Ձեր Աննա Հակոբյան»։

Նշենք, որ Աննա Հակոբյանը նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է։