Իրական դեպքերը պատերազմական պատմվածքների են վերածվել. Բեգլարյանի 9-րդ գիրքը

Լույս է տեսել արձակագիր Աշոտ Բեգլարյանի նոր ժողովածուն, որում գերակշռում են պատերազմի մասին պատմվածքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Ստեփանակերտում լույս է տեսել արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Հաղթահարում» վերնագրով ստեղծագործությունների ժողովածուն: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»։

«Ամբողջ կյանքում պատերազմի վախով եմ ապրում». անկեղծանում է Նարինե Աբգարյանը

«Հաղթահարում» գիրքը տպագրվել է արձակագիր Աշոտ Բեգլարյանի 50-ամյա հոբելյանի և ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ:

Հրատարակված ժողովածուն Բեգլարյանի ստեղծագործությունների թվով 9-րդ գիրքն է:

Նրա խոսքով՝ ժողովածուն ներառում է տարբեր տարիների գրած ռազմական, փիլիսոփայական, հոգեբանական, երգիծական և հումորային ստեղծագործությունները:

«Գրքում գերակշռում են պատերազմի մասին պատմվածքները, որոնք հիմնված են իրական դեպքերի վրա, և բազմակողմանիորեն փոխանցում պատերազմյան և հետպատերազմյան մթնոլորտը: Ստեղծագործություններում հստակորեն ընդգծվում են հաղթահարման գաղափարը` հանգամանքների, սեփական թուլության, վախի, կործանման և նույնիսկ մահի: Իմ ստեղծագործությունների հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և չարիքի դրսևորումների դեմ, այլև՝ մարտահրավեր են նետում հենց ճակատագրին»,-ավելացրել է Բեգլարյանը:

Ժողովածուում տեղ են գտել նաև փիլիսոփայական և հոգեբանական աշխատանքներ: Ժողովածուի առանձին գլխում ներկայացված է երգիծական պատմություններ, որտեղ հեղինակը բացահայտում է հասարակության մեջ տեղ գտած սոցիալական անարդարության, կեղծավորության, ագահության և ամբարտավանության դրսևորումները:

Նշենք, որ Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն։

Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում՝ Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում,Ուկրաինայում, Բելառուսում, Բուլղարիայում, Սլովակիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլն։

Աշոտ Բեգլարյանը տասնյակ գրքերի թարգմանիչ է, խմբագիր։ Նա միջազգային գրականության և լրագրության մրցույթների դափնեկիր է:

Նաև ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015 և 2016 թվականների մրցանակի դափնեկիր: Բեգլարյանը մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը, որտեղ ծանր վիրավորվել է, և պատահական չէ, որ պատերազմի թեման այդքան մոտ է գրողին:

Ашот Бегларян