Քրիստոնյա և հայ․ Իրանի հավաքականի պատմության մեջ ամենատարօրինակ ավագը

Ինչո՞ւ է հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը՝ Իրանի ազգային հավաքականի ավագը, համբուրել Ղուրանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Իրանի իսլամական հանրապետության հավաքականի կազմում հանդես եկող միակ քրիստոնյա ֆուտբոլիստը երկրի բնակիչների ամենասիրելի խաղացողներից է դարձել։ Ճակատագրի բերումով նրա երկրպագուներից ոմանք Կազանում են հայտնվել։

Sports.ru սպորտային պարբերականը հյուրընկալվել է իրանցի ապագա ատամնաբույժներին։ Երիտասարդները Թաթարստան էին եկել 2017 թվականի աշնանը ՝ Կազանի Դաշնային Համալսարանում ուսանելու։ Դժվար չէ գուշակել, որ առաջիկա ֆուտբոլի առաջնությունը նրանց մեջ ուժեղ հայրենասիրական զգացմունք է արթնացրել։

Ֆուտբոլասերների գլխավոր թեմաներից մեկը Իրանի հավաքականի լեգենդ՝ Անդրանիկ Թեյմուրյանն է։

Անդրանիկ Թեյմուրյան. Ես հպարտ եմ, որ հայ եմ

«Անդրանիկն Իրանում շատ հարգված մարդ է։ Նա հավաքականի պատմության մեջ միակ քրիստոնյա ֆուտբոլիստն է։ Չնայած կրոնական անհամապատասխանությանը (Իրանը մուսուլմանական երկիր է, այնտեղ մոտ 300 քրիստոնյա կա) Թեյմուրյանին միշտ լավ են վերաբերվել։ Նա լավ տղա է, շատ դաստիարակված, դաշտում երբեք չի ջղայնանում ու հարցազրույցներում չի բողոքում, սրտանց է խաղում, ինչպե՞ս կարող ենք չսիրել նրան։ Կարևոր խաղերում պարտվելուց հետո լալիս էր», — նշեց ուսանողներից մեկը՝ Մոջատաբան։

Իրանի հավաքականի երկրպագուները պատմեցին, թե ինչպես է Թեյմուրյանը ավագ դարձել։

«Իրանում մեծ հայկական համայնք կա․մի մասը հայտնվել ու հաստատվել է այնտեղ Հայոց ցեղասպանության ժամանակ, սակայն Անդրանիկի ընտանիքն ավելի շուտ՝ XVI-XVII դարերում։ Փոքր ժամանակ Անդրանիկն օգնում էր հորը Թեհրանում գորգերի խանութում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Էստեգլյալում», նա ակումբի լեգենդն էր։ Հետո՝ Անգլիայում։ Քաղաքի կեսը ճանապարհում էր նրան, հետո փողոցներում «Բոլտոնի» խաղերն էին դիտում»,  — ասացին ատամնաբույժ ուսանողները։

Նրանք խոսել են նաև կրոնական անհամապատասխանության մասին, քանի որ Թեյմուրյանը հավաքականի միակ քրիստոնյան է։

«Անդրանիկը շատ հավատացյալ է։ Ուր էլ ապրեր, հայկական եկեղեցի էր գնում, հավաքականի խաղերի ժամանակ նրան աղոթելու համար սենյակ էին տրամադրում։ Իսկ աշխարհի առաջնությանը` Բրազիլիա մեկնելուց առաջ, մոլլա օրհնեց հավաքականին, պետք էր Ղուրանը համբուրել։ Թեյմուրյանը չխառնվեց իրար՝ համբուրեց, հետո ասում էր, որ հարգում է իսլամն ու բոլոր սուրբ գրքերը», — ասացին իրանցիները։

Էսկանդարյան և Թեյմուրյան. իսլամական հավաքականի քրիստոնյաները

Մուսուլմանները հիշեցին նաև իրանական ժողովրդական խոսքը․«Հիսուսն ու Մուհամմադը երկուսն էլ մարգարեներ են։ Երկուսն էլ սուրբ են։ Երկուսին էլ հարգանքով ենք վերաբերում»։

Նրանց խոսքով՝ Թեյմուրյանը դաստիարակվել է նույն ավանդույթներով, հետո նա ասում էր, որ ոչինչ նրան չէր խանգարում համբուրել Ղուրանը։

Հիշեցնենք՝ Իրանի հավաքականը անցել է որակավորումը 2018 թվականի աշխարհի առաջնությունում ասիական ընտրական գոտում։ Դա կլինի իրանցիների հինգերորդ ելույթը աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում։

Մի տասը տարի առաջ Թեյմուրյանը երկու խաղաշրջան խաղացել է տարբեր անգլիական ակումբներում։ Վերջերս Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նա հիշել էր՝ ինչպես է հանդիպել Հենրիխ Մխիթարյանին ՈւԵՖԱ-ի գավաթի շրջանակում «Ֆուլխեմ» — «Շախտյոր» խաղի ժամանակ։

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում, մրցաշարերն անցկացվելու են 11 քաղաքի 12 մարզադաշտերում։

Андраник Теймурян

Խաղերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա հունիսի 14-ին` Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Առաջնության եզրափակիչ խաղը նույնպես կանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտում հուլիսի 15-ին։