Հանդուրժողականության քարոզիչների կռիվը. կաթողիկոսին դեմ և կողմ հոգևորականների վեճը

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում վիճաբանություն տեղի ունեցավ կաթողիկոսին դեմ և կողմ հոգևորականների միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Այսօր լեզվակռիվ և քաշքշոց է տեղի ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի կողմնակից և նրա դեմ պայքարող հոգևորականների և հավատացյալների միջև։ Ինչպես մեզ դեպքի վայրից պատմեց պատարագին մասնակից ականատեսը, միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, որտեղ կաթողիկոսը մասնակցում էր ձեռնադրման արարողությանը։

Ցուցարարները չեն դադարում պահանջել կաթողիկոսի հրաժարականը. բողոքի երթ Երևանում

Արարողությունից հետո, երբ Վեհափառը պատրաստվում էր լքել եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները` Հայր Կորյունի գլխավորությամբ, սկսեցին բղավել՝ ափսոս հայրապետ չունենք, Գարեգին, հեռացիր։

Կաթողիկոսին պաշտպանող հոգևորականերն էլ` իրենց կողմնակից հավատացյալների հետ միասին, ի պատասխան վանկարկում էին՝ Վեհափառ, վեհափառ։ Սրան հաջորդեց քաշքշուկ։

Կաթողիկոսը մի կերպ ճեղքեց հավաքվածներին, նստեց մեքենան ու, չպատասխանելով լրագրողի հարցին, արագ հեռացավ։