ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Որևէ երազանք չի կարող կատարվել առանց մարդասիրության, հանդուրժողականության։ «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության եզրափակիչ հանդիսավոր արարողությանը, իր ելույթի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ավրորա՝ ի պատիվ 2018թ. դափնեկրի» խորագրով միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու նրա կին Նունե Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին՝ Աննա Հակոբյանը, և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, մշակութային և այլ ոլորտների գործիչներ:
Նախագահ Արմեն Սարգսյանը նկատեց, որ «Ավրորա» նշանակում է արշալույս՝ նոր օր, որը նոր սկիզբ է: Նա նաև հիշատակեց, որ հարյուր տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դարձավ խարան մարդկության պատմության մեջ:
«Ցեղասպանության հարվածից հետո մեր ժողովուրդը ուժ գտավ ոչ միայն վերապրել, այլ նաև ստեղծել և, իհարկե, չմոռանալ անցյալը: Ուժեղը նա է, որ իր մեջ պայքարելու, հանդուրժելու ուժ է գտնում: Մրցանակի հիմնադիրները ներդրում են անում հումանիզմի տարածման գործում»,- ասաց նա՝ մատնանշելով, որ այդպես վարվեցին աշխարհի տարբեր կետերում՝ Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և այլուր՝ օգնելով ցեղասպանության վերապրածներին շարունակել իրենց կյանքը,- այսօր մենք ձգտում ենք վերադարձնել այն, ինչ ստացել ենք հարյուր տարի առաջ»:
ՀՀ նախագահի համար խորհրդանշական էր այս տարվա «Ավրորայի» դափնեկրի անունը Բիբլիական Արարատի փեշին հայտարարելը:
«Մենք մեր պատմությամբ և կամքով, մեր կյանքով մասն ենք կազմում աշխարհի, որը փոխադարձ լսելու, հանդուրժելու կարիք ունի»,- ասաց նա: