Տիգրան Բալայանին զարմացնում է Ադրբեջանի համեստությունը. ԱԳՆ–ի հեգնական պատասխանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի այն հայտարարությունը, թե Նախիջևանում հսկայական տարածք է ազատագրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի վերջին հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմն ավելի քան 11 հազար հեկտար է ազատագրել։

«Ինչո՞ւ այդքան համեստ։ Միանգամից հայտարարեք 110 հազար հեկտարի մասին։ Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և հավանելու»,- Twitter-ի իր էջում գրել է Բալայանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն ակտիվորեն հայտնում են, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում է նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը։
Հովհաննիսյան. «Ադրբեջանցիները սպիտակ դրոշներով են մոտեցել Գյուննութին»
Իրականում, սակայն, պարզվում է` բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել: