Շիրակի մարզպետի որդին հաստատ դժգոհ է հոր աշխատանքից. «սև ցուցակ» չկա, չարաշահում կա

Շիրակի նորանշանակ մարզպետը հերքում է աշխատանքից ազատելու 16 հոգանոց ցուցակի գոյության փաստը, բայց ասում է` ազատումներ կլինեն, ընդ որում` շատ:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը մի քանի օր է անցել աշխատանքի, բայց մարզում արդեն խոսում են այսպես կոչված «սև ցուցակի» մասին: Ըստ տեղեկությունների` այս ցուցակում ընդգրկված են այն անունները, որոնք «լքելու» են իրենց պաշտոնները: Խոսքը 16 հոգանոց ցուցակի մասին է: Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում մարզպետը բացառեց այդ ցուցակի գոյությունը:

«Պարզ ասեմ, ես ընդհանարապես այդ ցուցակի մասին տեղյակ չեմ: Ասեմ՝ հին համակարգի բոլոր պաշտոնյաներն այս փոփոխություններից հետո աշխատանքից ազատվելու մտավախություն ունեն։ Տվյալ իրավիճակում նորմալ է»,-նշեց մարզպետը և ավելացրեց, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում բոլորը կիմանան փոփոխությունների մասին:

Ի դեպ, առաջին նշանակումները մարզպետն արդեն արել է։ Դրանք հայեցողական պաշտոններն են։ Նա խորհրդական է նշանակել մարզպետարանի աշխատակից Վանիկ Սերոբյանին, որը մինչ այս արդեն մոտ 9 տարի աշխատել է մարզպետարանում, եղել է տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի առաջատար մասնագետը։

Նոր մարզպետն աշխատանքը սկսեց «պարոն Ծառուկյանին» շնորհակալություն հայտնելուց

Օգնականի հայեցողական պաշտոն է ստանձնել նաև Էմմա Պալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Նա ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժինը ու աշխատում է կայքերից մեկում։ Պալյանը մարզպետի օգնական է նշանակվել։ Աշխատանքից ազատվել են օգնականներ ՀՅԴ անդամ Թաթուլ Մանուկյանը և Արմեն Պետրոսյանը: Աշխատանքից ազատվել են նաև խորհրդականներ Հասմիկ Կիրակոսյանը և Սևակ Հայրումյանը:

Губернатор Ширакской области Карен Саруханян

«Այս պաշտոնները հայեցողական են, և նրանք չզիջելու իրավունք չունեն։ Մարզպետի փոխվելու հետ ես միանգամից կարող եմ նշանակում կատարել: Քննարկում չեմ ունեցել օգնականի հետ. միանգամից ազատել եմ աշխատանքից, և Էմմա Պալյանն է նշանակվել: Օգնականի 1 թափուր տեղ դեռ կա։ Իսկ խորհրդականը՝ Վանիկ Սերոբյանը, խորհրդական է նշանակվել թափուր տեղում: Վանիկ Սերոբյանին գիտեի մինչ այստեղ գալը, ինքն էլ 9 տարի աշխատել է մարզպետարանում, այնպես որ որպես խորհրդական լավ գիտի` ինչ է այստեղ կատարվել: Հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն նոր նշանակումներ՝ շատերը կազատվեն աշխատանքից ՝ իրենց դիմումների համաձայն»,-նշեց մարզպետը:

Սարուխանյանն արդեն ընդունել է մի շարք քաղաքացիների, լսել նրանց խնդիրներն ու բողոքները: Ոչ մի բողոք, ըստ մարզպետի, անպատասխան չի մնա:

«Շատ տարբեր խնդիրներով են դիմում՝ բնակարանային խնդրից սկսած մինչև բողոքներ դպրոցներից: Բողոքներ կան կրթական և առողջապահական ոլորտներից: Դիմում են նաև դրամական աջակցության խնդրանքով: Բողոքները շատ-շատ են ու տարբեր տեղերից»,-նշեց մարզպետը։

Նրա խոսքով` աշխատանքն ու բողոքներն այնքան շատ են, որ ժամանակն օրվա ընթացքում չի բավականացնում:

«Շատ խառը վիճակ է: Առավոտից աշխատում ենք ինչքան կարող ենք: Աշխատում ենք նույնիսկ աշխատանքային ժամերից հետո: Որդիս, որը դեռ 1 տարեկան չկա, արդեն չի ճանաչում՝ առավոտյան գնում եմ, քնած է, ուշ վերադառնում, էլի քնած է: Հաստատ, այս ամենից միակ դժգոհողը տղաս է»,-նշեց Սարուխանյանը:

Մինչ այս արձանագրված բոլոր չարաշահումների հեղինակները, ըստ մարզպետի, կպատժվեն:

«Առաջ չընկնելով` հիմա անուններ չեմ հրապարակում, բայց ասեմ, որ բացահայտումներ կան առողջապահական և կրթական ոլորտներում: Ուժային կառույցների հետ այս հարցերով աշխատում եմ, այսինքն բոլոր այն չարաշահումները, որոնք այս ընթացքում բացահայտվելու են, ընթացք կստանան»,-նշեց Կարեն Սարուխանյանը:

Նորանշանակ մարզպետն ավելացրեց` ամեն ինչ արվելու է դուխով, լավագույն արդյունքներին էլ հասնելու են ժողովրդի հետ անմիջական ու պարբերական շփումների արդյունքում: Նոր իշխանությունները, ըստ մարզպետի, եկել են ոչ թե ուտելու, այլ ծառայելու համար: