«Հայաստանում գտնվելը մեծ պատիվ է»․ Փաուերը պատմեց՝ ինչպես է իմացել Ցեղասպանության մասին

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Ցեղասպանության սարսափների մասին իմացել է պատահաբար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը մեծ պատիվ է համարում Հայաստանում գտնվելն ու «Ավրորա» նախաձեռնության միջոցառումներին մասնակցելը։ Այս մասին նա ասաց այսօր Մատենադարանում ««Ավրորա-2018. երկխոսություններ» համաժողովում ելույթ ունենալիս։

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը։ Պատահական եմ իմացել Հայոց ցեղասպանության մասին, երբ պատրաստվում էի գիրքս գրել», — ասաց Փաուերը։

«Խնդիր դժոխքից․ Ամերիկան ցեղասպանության դարում» գիրքը պատմում է էթնիկ զտումների (սկսած Հայոց ցեղասպանությունից ու վերջացրած Կոսովոյի իրադարձություններով) ու ԱՄՆ-ի կառավարության արձագանքի մասին։

Գրքի վրա աշխատելիս նա բախվել է «ցեղասպանություն» եզրույթին ու սկսել է ուսումնասիրել դրա ծագումնաբանությունը։ Այսպես նա իմացել է XX դարի առաջին Ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի մասին։

Սամանտա Փաուերը Երևան է ժամանել և շատ հուզված է

«Այսպես ես ծանոթացա Հայաստանին, այն սարսափներին, որոնց միջով անցել է հայ ժողովուրդը», — ասաց քաղաքական գործիչը։

Ավելի ուշ նա ծանոթացել է «Ավրորա» մրցանակի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի ու Նուբար Աֆեյանի հետ։

Հիշեցնենք՝ քաղաքական գործիչը Հայաստան է ժամանել «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար։

Երեկ Փաուերը Ծիծեռնակաբերդ է այցելել։

2017 թվականի նոյեմբերին Փաուերն ընդգրկվել է «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի կազմում։

Սամանտա Փաուերը ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչն է եղել։ Նա աշխատել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում։