ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ադրբեջանի այն հայտարարությունը, թե Նախիջևանում հսկայական տարածք է ազատագրվել, բուռն արձագանք է գտել Հայաստանում։ Պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է այդ լուրը, սակայն կրքերը չեն հանդարտվում։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խոստացել է լրագրողների այց կազմակերպել նախիջևանյան դիրքեր։
«Հարգելի ընկերներ, անհանգստացողներ, «մասնագետներ» ու հատկապես իմ «ՊԱՌՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ» ինձ բացատրողներ, անկախ նրանից, որ ձեզանից շատերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, առաջիկայում, մինչև մեկ շաբաթվա ընթացքում, խոստանում եմ կազմակերպել այց Նախիջևանյան դիրքեր, որտեղից դուք և լրատվամիջոցները կտեսնեք Գյուննութի տեղը, որոշ դիրքեր և այլ։ Եվ լիահույս եմ, որ գոնե դրանից հետո կդադարեք ձեր տանը նստած, տարատեսակ համեմատականներ անել, մեզ բացատրել թե մենք ինչ պիտի անենք և այլն»,- գրել է նա։
Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ տարածում են, թե իբր Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում է նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը։
Իրականում, սակայն, պարզվում է` բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:
Հայկական կողմը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է իրավիճակին:
Նշենք, որ վերոհիշյալ Գյուննութ գյուղը գտնվում է Նախիջևանի և Արարատի մարզի սահմանային հատվածում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, այստեղից պարբերաբար հրետակոծում էին հայկական գյուղերը, մասնավորապես ՝ Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 9-ին Զանգակատուն գյուղի բնակիչ ազատամարտիկներն Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ համատեղ ուժերով հետ մղեցին Գյուննութի բարձունքում ծվարած ադրբեջանական զինյալներին: Այս գործողության շնորհիվ հայկական գյուղերն ազատվեցին Գյուննութի բարձունքից անդադար սպառնացող վտանգից: