ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պատճառով։ Քոչարյանի գրասենյակը հայտարարում է, որ այդ որոշումը կայացվել է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ սա անձնական վեճ է պատասխանատվությունից խուսափելու համար, քանի որ հայ հասարակության շրջանում գերիշխում է այն կարծիքը, որ Արցախին բանակցություններից հանելը հանցագործություն է։
«Այստեղ որևէ դրական մոտեցում չկա։ Այստեղ իրավիճակի շուրջ բանավեճ չկա, պատասխանատվությունից խուսափելու սովորական կռիվ»,- Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։
Նշենք, որ հունիսի 7-ին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Փաշինյանը անդրադարձել էր ղարաբաղյան կարգավորման թեմային և հայտարարել, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը:
«Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես»,- ասել էր Փաշինյանը։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը չի ուշացել։ Գրասենյակ ի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Փաշինյանին հիշեցրել է, որ ԼՂՀ-ն դադարել է ուղղակիորեն մասնակցել բանակցություններին ոչ թե 1998, այլ դեռևս 1996 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ պատճառով համաձայնել են դրան:
Նա նաև նշել է, որ անցած տարիներին կարգավորման գործընթացը մշտապես ընթացել է երեք հարթություններում:
«Դրանք են. երկու բանակցային գործընթացները և մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերը: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է եղել ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չի եղել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձևաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանել է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ, այնուամենայնիվ կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձևաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաև ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Այնպես որ, ԼՂՀ-ն, ըստ էության, ներգրավված է բանակցային գործընթացում, թեև ոչ լիարժեք ձևով»,- ասել է Սողոմոնյանը:
Ըստ նրա` միանշանակ ողջունելի է նոր իշխանությունների մղումը` ԼՂՀ-ն դարձնել նաև նախագահների միջև առկա բանակցային ձևաչափի մասնակից:
«Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ և լիարժեք մասնակցությանը: Լավագույնը կլիներ ԼՂՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձևաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին»,– նշել է Սողոմոնյանը:
Ըստ նրա` այլ հարց է, թե որքանով դա իրագործելի նպատակ է, գոնե այսօր: Եվ մեկ այլ հարց է` թե ինչ հետևանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից։