ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Արցախյան կարգավորման շուրջ բանակցությունների մասին Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար։ Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ռուսաստանը բազմիցս ասել է, որ կաջակցի հակամարտության բոլոր կողմերին գոհացնող արցախյան հարցի կարգավորման ցանկացած տարբերակի։ Նույնը վերաբերում է բանակցությունների ձևաչափին։ Հակոբյանը նշեց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան համաձայնության գալ բանակցության կողմերի հարցում, Մոսկվան, անկասկած, միայն ուրախ կլինի։
Ռուս դիվանագետները միշտ նշել են, որ Մոսկվան հիմնախնդրի կարգավորման որևէ պատրաստ բաղադրատոմս չունի։
Հունիսի 7–ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր` եթե կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն առ այն, որ Արցախը վերադառնալու է բանակցությունների սեղանի մոտ, ապա Մոսկվան հարգանքով կվերաբերվի այդ որոշմանը։
Դեռ մի քանի ամիս առաջ բանակցությունների հիմնական թեման շփման գծի միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումն էր, դիպուկահարների հետ քաշելը, կողմերի միջև վստահություն ամրապնդելու միջոցները։ Իսկ հիմա, փաստորեն, ՀՀ վարչապետի նախաձեռնությամբ կարող է նոր ուղղություն հայտնվել. դա Արցախի` բանակցություններում կողմ դառնալն է։
Ստեփանակերտի մասնակցության հարցի քննարկումը դեռ միայն հայկական կողմի առաջարկություն է։
«Չեմ կարծում, որ այդ հարցը պաշտոնապես ներառվել է բանակցությունների օրակարգում։ Սակայն ՀՀ կառավարության հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ բանակցությունների նախկին ձևաչափը վերջին 10 տարիների ընթացքում արդյունավետության առումով իրեն սպառել է։ Ու պետք են որակական փոփոխություններ», – ասաց Հակոբյանը։
Նրա կարծիքով` պաշտոնական Երևանը հասկացնում է, որ չի ցանկանում ձևացնել ու բանակցություններ «խաղալ»։ Հայկական կողմի տրամաբանությամբ` անհնար է բանակցություններ վարել ու միաժամանակ սպառնալ գրավել Երևանն ու «վերադարձնել պատմական ադրբեջանական հողերը»։ Փորձագետի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է վերջ դնել խաբկանքին` հաշվի առնելով, որ Արցախի վերադարձը բանակցային գործընթացին նոր շունչ կհաղորդի այդ քննարկումներին։