Հայտնի հաղորդավարն ինքնասպան է եղել. ԶԼՄ

Արցախ այցելած հանրահայտ հաղորդավար Էնթոնի Բուրդենը մահացել է Ֆրանսիայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Շեֆ խոհարար, գրող և հաղորդավար Էնթոնի Բուրդենն ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Բաքվի «սև ցուցակը» խոչընդոտ չէ. հայտնի շեֆ խոհարար Բուրդենը CNN–ով կներկայացնի Արցախը

Բուրդենը 61 տարեկան էր։ Հեռուստաընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ նա արկածների, լավ ուտելիքի ու խմիչքի սիրահար էր։

Բուրդենը մահացել է Ֆրանսիայում, որտեղ նկարահանում էին նրա Parts Unknown խոհարարական շոուն։ Նրա մտերիմ ընկեր Էրիկ Ռիպերը, որը նույնպես շեֆ խոհարար է, Բուրդենին անգիտակից վիճակում հայտնաբերել է հյուրանոցի համարում։

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, գրքերի հեղինակ, ճանապարհորդ ու «Անհայտ վայրեր» ծրագրի հաղորդավար Էնթոնի Բուրդենը Հայաստան ու Արցախ է եկել նախորդ տարվա հոկտեմբերին։ Հայտնի հաղորդավարը եղել է Շուշիում ու Ջդրդուզի ձորում։ Արցախում ժենգյալով հաց, խորոված, մածուն, թթի ու հոնի օղի է համտեսել։

Ամերիկյան շեֆ-խոհարարի ճանապարհորդությունը, բնականաբար, անտարբեր չի թողել Ադրբեջանին։ Նա հայտնվել է հարևան երկրի «սև ցուցակում»։