ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը սուպերմարկետների ու ՊԵԿ պայմանավորվածությունների մեջ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։ Այս մասին Անանյանը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։
Նա հիշեցրեց, որ գործի նախաքննությունը շարունակվում է, միաժամանակ գյուղմթերքների վաճառքի վերաբերյալ նոր որոշում`նախկինում գործող Ա/Ձ-ների փոխարեն նոր կառավարությունը դեռ չի կայացրել։
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ ենք անելու, բայց մենք անում ենք մեր գործը։ 11-12 ցանցային ընկերություններ կան, որոնք գյուղմթերք չհանդիսացող ապրանքներն այդ նույն մեխանիզմով են իրացրել, մենք հիմա մշակում ենք այդ շրջանառության ծավալները, բոլորի հետ հատ-հատ նստելու ենք, հաշվարկներ են անելու և չվճարված հարկերը վճարելու ենք պետական բյուջե»,- ասաց Անանյանը։
Իսկ մինչ այդ միանշանակ է, որ սուպերմարկետներն այլևս նախկին խաղի կանոններով չեն աշխատելու։ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ նրան արդեն աշխատում ու այսուհետ աշխատելու են օրինական դաշտում։
Հիշեցնենք` կառավարության և խոշոր առևտրային ցանցերի հակասությունն առաջացավ մայիսի 30-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտեց, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց:
ԱԱԾ-ն պարզել էր, որ ընկերությունը հարյուրավոր կեղծ ԱՁ-ներ է գրանցել և դրանց միջոցով ապրանք վաճառել` վճարելով շրջանառության 2% հարկ` 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն։
Պարզվել էր, որ այդ սխեմային իր համաձայնությունն էր տվել Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարությունը, որպեսզի խոշոր խանութներում չթանկացնեն միրգն ու բանջարեղենը։