Կաթողիկոսի «հրաժարականը». կեղծ ժողովրդավարության դրսևորում, թե՞ հանուն ինչ-որ մեկի

Հունիսի 6–ին Երևանում տեղի է ունեցել ոչ այն քան սովորական բողոքի երթ։ Այս անգամ մարդիկ պահանջել են ոչ թե Հայաստանի վարչապետի, նախագահի կամ ինչ–որ նախարարի հրաժարականը, այլ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի։
Sputnik

Երբ Սայաթ Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկից` կաթողիկոսի նոր նստավայրից, սկսվեց կաթողիկոսի հրաժարականի պահանջով երթը, այդ լուրն առաջացրեց ոչ թե երկակի կամ եռակի, այլ, ընդհանրապես, ինչ–որ անհասկանալի, բազմապլանային զգացումներ։

Հենց «կաթողիկոսի հրաժարական» բառակապակցությունն արդեն ծնում է կոգնիտիվ դիսոնանսի որոշակի աստիճան։ Եկեղեցու հոգևոր առաջնորդին, թվում է, չի վերաբերում այն բնորոշումները, որոնք նախատեսված են աշխարհիկ պաշտոնյաների համար, նշանակում է, որ նրան այդ պաշտոնից հեռացնելը չի կարող տեղի ունենալ քաղաքացիական ընթացակարգերի համապատասխան։

Բողոքի երթ Երևանում. մարդիկ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը. լուսանկարներ և տեսանյութ

Իհարկե, եկեղեցին պետությունից առանձին է գործում։ Մեզ մոտ հենց այդպես է, ես ոչինչ չեմ շփոթում, չէ՞։

Չլինելով կրոնական պատգամների մոլի ջատագով և Հայ առաքելական եկեղեցու բոլոր ծեսերի հնազանդ կատարող` ինձ վրա բարոյական պատասխանատվություն չեմ վերցնի քննադատելու Ամենայն հայոց կաթողիկոսին և ցանկացած կաթողիկոսի` լինի նա Գարեգինը կամ Պողոսը, Երկրորդը կամ Հարյուր քառասունչորսերորդը։

Ուղղակի խոսենք հենց «կաթողիկոսի հրաժարականի» պահանջի հնարավորության մասին։ Գրում եմ այս բառակապակցությունը, ներսումս ամեն ինչ ընդդիմանում է ակնհայտ նոնսենսի դեմ, որն առկա է այս խոսքերում։ Թեկուզ մի պատճառով` հոգևորականների գործերն այդպես չեն լուծվում, ինչպես պետական պաշտոնյաներինը, դրանք բացարձակ տարբեր հասկացություններ են և պահանջում են սկզբունքորեն տարբեր մոտեցումներ։ Հետո էլ չկա ընթացակարգ, որը նախատեսում է «կաթողիկոսի հրաժարականը»։

Ես ներկա կաթողիկոսի պաշտպանը չեմ, հակառակորդն էլ չեմ, ուղղակի ցանկանում եմ օբյեկտիվորեն պարզել այս հարցը։ Մեր դեպքում օբյեկտիվությունը սկսվում է նրանից, որ մեծ (բոլոր առումներով և մեծատառով) Վազգեն Առաջինից հետո դժվար է բարձրանալ այդ գահին և միաժամանակ հավակնել ամբողջ ազգի հոգևոր հովվի կոչմանը։ Երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսը, իհարկե, այնքան բարձր նշաձող է սահմանել, որ անհնար է գերազանցել այն։ Թեև, մյուս կողմից` երբեք մի ասա երբեք։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մեղադրանքները փաստարկված չեն. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Ուղղակի հետաքրքիր է, երբ քաղաքական երթերը և ցույցերը ձեռք են բերում անմտության երանգ, երբ հայկական եկեղեցու հետ նվազագույն կապ չունեցող մարդիկ հանկարծ դառնում են ավանդույթների կրողներ և կաթողիկոսի ամենալուրջ քննադատները։ Բայց մի րոպե։

Եթե մեզ մոտ եկեղեցին առանձնացված է պետությունից, ապա ոչ մեկի գործը չէ, թե ինչպես է եկեղեցին տնօրինում իր ֆինանսները, անշարժ գույքը, ազդեցությունը, հեղինակությունը. վե՞րջ, թե՞ ես ինչ–որ բան մոռացա։ Իսկ եթե այն սերտաճած է պետության հետ, այդ դեպքում` ներկայացրու ֆինանսական և այլ հաշվետվություններ, վճարիր հարկերը և բիզնեսի ոլորտում եղիր առաջիններից մեկը։

Ներկա կաթողիկոսի մասին ինչ ասես ասում են, ասում են շատ ու գունավոր, բայց թող խոսեն փաստերով և ապացույցներով։ Այդ դեպքում նա` կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու նման պարտավոր կլինի հաշվետու լինել այս երկրի հարկային, վարչական և այլ մարմիններին։ Եվ պարտավոր կլինի պատասխանատվություն կրել։

Իսկ եթե նա առանձին է պետությունից, այդ ժամանակ էլ նրա նկատմամբ պահանջները կարող են լինել բացառապես եկեղեցական գործերի առիթով։ Եթե այս հարցում հավակնություններ ունեք նրա նկատմամբ, խնդրեմ, բայց միայն կանոնների շրջանակում։

Այլապես ամեն ինչ դեմ է առնում կեղծ հեղափոխական ակտիվությանը` ծնելով բազմաթիվ կասկածներ, օրինակ` նրանում, որ կոնկրետ ինչ–որ մեկը ձգտում է զբաղեցնել այդ պաշտոնը, և հանուն նրա են կազմակերպվում են նման դեմարշներ։

Իսկ մենք սովոր ենք, որ շենքերի մուտքերի, տաղավարների, տատիկների շարքում խոսակցությունները դառնան տեղեկատվության գլխավոր աղբյուրը։ Եվ ահա այդ սովորույթը կոտրելը պետք է դառնա երկրի քաղաքացիների հետ նոր իշխանությունների շփման միջոցը։ Թե չէ անիրազեկությունն ամենահաս է և ամենազոր մեր հեղափոխական ժամանակներում…