Նոր մարզպետն աշխատանքը սկսեց «պարոն Ծառուկյանին» շնորհակալություն հայտնելուց

Արմավիրի նոր մարզպետը չի վախենում մարզային ֆեոդալներից և «հեղինակություններից» ու իր աշխատանքի համար խոչընդոտներ չի տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Չի կարելի շնորհակալություն չհայտնել պարոն Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արմավիրի մարզի նոր ղեկավար Գագիկ Միրիջանյանը։

Արմավիրն ու Սյունիքը նոր մարզպետներ ունեն

«Մեր քաղաքական ուժին առաջարկվել են մարզպետների պաշտոններ, և ես ուրախ եմ, որ որոշել են առաջադրել նաև իմ թեկնածությունը», – հայտարարեց նա։

Նոր մարզպետը պատասխանեց նաև «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի և իր հոր ընկերության մասին հարցին։

«Ոչ ոք չի կարող հերքել պարոն Ծառուկյանի զգալի ավանդը մեր երկրի անկախության կայացման մեջ։ Ուստի նրա հետ ծանոթությունը կարելի է պատիվ համարել», – վստահ է Միրիջանյանը։

Այն հարցին, թե ինչպես է նա պատրաստվում աշխատել, եթե մարզի վրա մեծապես ազդում են «ֆեոդալները»` գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը, ինչպես նաև «Դոն Պիպոյի» նման քրեական հեղինակությունները, մարզպետը նշեց, որ իր աշխատանքի համար խոչընդոտներ չի տեսնում։