ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ընտրություններն անհապաղ անցկացնելն իրենց թիմի համար ամենաձեռնտու տարբերակն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 1 տարում, որպեսզի քաղաքական մյուս ուժերը դուրս գան ցայտնոտից և նախապատրաստություններ տեսնեն: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով կառավարության ծրագիրը:

«Խորհրդարանական ընտրություններն անհապաղ անցկացնելը մեր թիմի համար ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած թավշյա հեղափոխությունը գտնվում է իր գագաթնակետին, և կասկած չկա, որ այսօր ընտրություններ անցկացնելու դեպքում մեր թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ»,– ասաց նա:

ՀՀԿ–ն ինքնամաքրվում է. ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է

Փաշինյանի խոսքով` եթե առաջնորդվեն այս տրամաբանությամբ, կնշանակի իշխանությունը փոխվել է, իսկ դրա բովանդակությունը չի փոխվել և նոր իշխանությունը նախկինների պես առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը:

«Կստացվի, որ ժողովուրդը իշխանությունը փոխելու իրական հնարավորություն չունի այս անգամ էլ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով: Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է անցկացնել մեկ տարվա ընթացքում, որը ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, որոնց համար իշխանափոխություն անակնկալ էր, դուրս գալ ցայտնոտի վիճակից և պատրաստվել ընտրություններին: Դա նաև թույլ կտա ժողովրդին կատարել տեղեկացված ընտրություն՝ ելնելով կառավարության գործողություններից»,-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` ինչպես հեռացել է կեղծիքով ու ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա օրենսդիր իշխանությունը:

Չկա ընտրակեղծարարության որևէ տեսակ, որ քրեորեն պատժելի չլինի, իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկին իշխանությունները ոչ միայն չեն բացահայտել, այլև չեն քննել ընտրական կեղծարարությունները, այլև հովանավորել են դրանք»,- ասաց նա:

Առաջինը հենց իմ ընտանիքն է օրինակ ծառայելու. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրեց նաև տնտեսական մենաշնորհներ ստեղծելու, դրանց դեմ չպայքարելու ու տնտեսական ներառական աճ չապահովելու համար։

«Որովհետև որքան ցածր է քաղաքացու կրթական սոցիալական մակարդակը, այնքան նա ավելի հնազանդ է կոռուպցիոն իշխանությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց քաղաքական թիմն իշխանության է եկել նշված բացասական երևույթներն արմատախիլ անելու համար:

«Մեր կարևորագույն խնդիրը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, մեր նպատակը՝ ազատ արդար և թափանցիկ ընտրական մեխանիզմը ժողովրդին վերադարձնելը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ընտրակաշառք բաժանելը պետք է դառնա անպատվաբեր: Վարչապետը նաև նշեց, որ, թեև ընտրությունները հենց հիմա անցկացնելն ամենաձեռնտու տարբերակն է իշխանության եկած ուժերի համար, քանի որ հեղափոխության ոգևորությունը գտնվում է գագաթնակետին, բայց իրենք նախընտրում են մինչ ընտրությունների գնալը փոփոխություններ իրականացնել գործող ընտրակարգերում: