Առաջինը հենց իմ ընտանիքն է օրինակ ծառայելու. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը խոստանում է, որ Հայաստանում չեն լինելու արտոնյալներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Նոր իշխանությունը խոստանում է հավասար պայմաններ ստեղծել ՀՀ բոլոր քաղաքացիների համար, այդ թվում՝ նախկին ու ներկա պաշտոնյաների: Այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում չեն լինելու արտոնյալներ, օրենքը հավասարապես գործելու է բոլորի, այդ թվում՝ նախկին ու ներկա բարձրագույն իշխանության ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ: Եվ որպեսզի ասվածը չհնչի որպես սպառնալիք, առաջինը հենց իմ ընտանիքն է օրինակ ծառայելու»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ որդին դիմում է գրել Արցախում ծառայություն անցնելու համար:

Պաշտոնյաների որդիներին կոչ արեց` եթե գտել են բանակից խուսափելու զարտուղի ճանապարհներ, ներկայանալ ու գնալ բանակ:

Նա կոչ արեց նաև արտերկրում գտնվող զինապարտներին՝ վերադառնալ Հայաստան ու մեկնել ծառայության:

Վարչապետի որդին ծառայության է մեկնում. կդառնա՞նք երկիր, ուր նման երևույթները չեն զարմացնի

Փաշինյանը խոստացավ նաև արմատախիլ անել կոռուպցիան ու ոչ կանոնադրական հարաբերությունները բանակում, զարկ տալ ռազմարդյունաբերությանը՝ վերացնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա անհավասար ռազմական հնարավորությունները:

Վարչապետը նաև կոչ արեց սփյուռքահայ գործարարներին ներդրում անել հայրենիքում՝ խոստանալով պաշտպանել նրանց գործարար շահերն ու իրավունքները:

«Մենք բարձրացնելու ենք գործարարի վարկը: Գործարարը չպետք է իր հեղինակությամբ զիջի նախարարին, պատգամավորին»,– ասաց նա:

Վարչապետի խոսքով` այսպես մենք պետք է լուծենք նաև երրորդ հանրապետության ամենամեծ թնջուկներից մեկը՝ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը։