Եզակի գտածոներ են հայտնաբերել ՌԴ–ում` Հայաստանի դեսպանատան տարածքում

Քաղաքի փողոցների բարեկարգման ընթացքում հնագետները սպիտակ մետաղից ու պղնձի ձուլվածքից հին մատանի–կնիքներ են հայտնաբերել հայկական դեսպանատան մոտակայքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. XVII–XIX դարերի բազում իրեր են հայտնաբերվել Մոսկվայի Հայկական նրբանցքում անցկացվող աշխատանքների ընթացքում։ Այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք` Ռուսաստանի մայրաքաղաքի բարեկարգման ծրագրի ընթացքում բոլոր վայրերում հնագիտական մոնիթորինգ են նաև անցկացնում։ Պեղումների համար դիտարժան վայր է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքը` Լազարյանների հայտնի տունը։

Археологические находки

Մայրաքաղաքի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովը նշել է, որ գտածոների շարքում են կավե և ապակե սպասքի հատվածներ, վառարանի հախճասալիկներ, կրոնական ու աշխարհիկ բնույթի զարդեր։

«Մասնագետներն առանձնացնում են տղամարդկանց մի քանի մատանի` սպիտակ մետաղից ու պղնձի ձուլվածքից։ Մատանի–կնիքների վրա կարելի է տեսնել հերալդիկ խորհրդանիշներով ու բուսական թեմաներով ուռուցիկ պատկերներ։ Կան նաև ապակու ու մոխրագույն ագաթի ներդիրներով մատանիներ», – նշեց Եմելյանովը։

Археологические находки

Պետք է նշել, որ Հայաստանի դեսպանատան ներսում վերականգնման աշխատանքներ են իրականացվում, ինչին Sputnik Արմենիան ավելի վաղ անդրադարձել էր։

Նշենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքը հայտնվել է Մոսկվայում դիտարժան վայրերի լավագույն տասնյակում։

Հայկական նրբանցքի անվանումը պատահական չէ. այս տարածքի տները 18-րդ դարից ի վեր պատկանել են հարուստ վաճառական Լազար Նազարի Լազարյանին, որին 1774 թ. մայիսին կայսրուհի Եկատերինա II-ը ժառանգական ազնվականություն է շնորհել: