Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված մեղադրանքները փաստարկված չեն. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հիշեցրեց, որ եկեղեցին կրոնական կառույց է և, կարծում է` քաղաքական իշխանությունները ձեռնպահ կմնան ներեկեղացական խնդիրների միջամտելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից։

Բողոքի երթ Երևանում. մարդիկ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը. լուսանկարներ և տեսանյութ

«Մենք ինքներս ունենք մտահոգություններ, որոնց մասին ևս բարձրաձայնեցինք: Նրանք մտահոգություններից բացի ներկայացրեցին մի շարք մեղադրանքներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, որոնց վերաբերյալ ես որևէ փաստական նյութ չտեսա: Ես ինքս կարող եմ ստորագրել մի փաստաթղթի տակ, որ եկեղեցում ունենք մի շարք խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել, բայց նաև կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր»,-ասաց նա և տարօրինակ համարեց, որ առկա խնդիրների լուծելու համար միակ և երաշխավորված ճանապարհը իրենք տեսնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի մեջ:

Արշակ եպիսկոպոս Խաչատրյան համար անհասկանալի է այն վերջնագրային ոճը և տոնայնությունը, որով ներկայացվում են այդ մտահոգությունները։

«Փաստերը ներկայացվում են, որ Կաթողիկոսը հայհոյանքներ է օգտագործում աշխատողների նկատմամբ, զբաղվում է տարատեսակ բիզնեսներով, ներկրումներով»,-ասաց նա և նշեց, որ դրանք մամուլի հրապարակումների, բամբասանքների ժանրից էին և փաստեր չկային։

Նա հարցրեց, թե ով է բացարձակ սիրված ժողովրդի կողմից, և բերելով Վազգեն Առաջին Կաթողիկոսի օրինակը՝ ասաց, որ նա ևս անընդունելի վերաբերմունքի արժանացավ 88 թվականին:

Նա չբացառեց, որ բողոքի ակցիաներին կարող է մասնակցում են մարդիկ, ովքեր մտահոգված չեն եկեղեցու ապագայով:

Բողոքողների վարչապետին դիմելու թեմայով եպիսկոպոսն ասաց, որ եկեղեցին կրոնական կառույց է և կարծում է, որ քաղաքական իշխանությունները ձեռնպահ կմնան ներեկեղացական խնդիրների միջամտելուց: