Կառավարության ծրագրի քննարկումը «համեմվում» է փոխադարձ վիրավորանքներով

Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում պատգամավորները երբեմն չեն կարողանում զսպել կրքերն ու անցնում են կոռեկտության սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կոչ արեց կառավարության գործունեության ծրագրի քննարկումը շարունակել քաղաքական կոռեկտության սահմաններում և չտրվել էմոցիաների: 

«Հարգելի պարոն Մելքումյան, խնդրում եմ դուք անձամբ այսուհետ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործեք «քաղաքական բռնապետ» արտահայտությունը»,-ԱԺ-ի նիստում դիմելով ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին` ասաց Ֆարմանյանը:

ՀՀԿ–ն մեծ ներկայացվածություն կունենա ԱԺ–ում. Շարմազանովը` արտահերթ ընտրությունների մասին

Ի պատասխան, Մելքումյանը կոչ արեց բոլոր արտահայտություններն ու իրականությունն ընկալել քաղաքական հարթության մեջ:

Այսքանով, սակայն, վիճաբանությունը խորհրդարանում չավարտվեց: Դրան միջամտեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու  Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն էլ հորդորեց. «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ՝ չարժե քարեր նետել»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը պատասխանեց` «Ամեն փայլող բան չէ, որ գլուխ է։ Նստած պատգամավորներից մեկը բղավեց` էշ–էշ մի դուրս տուր, ինչին ի պատասխան Աշոտյանն ասաց. «Ձա՛յնդ»:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հորդորեց` վիրավորական արտահայտություններ պետք չէ հնչեցնել:
Փոխադարձ վիրավորական արտահայտություններից հետ մի շարք պատգամավորներ տեղից դուրս եկան, հավաքվեցին դահլիճի մի հատվածում: Հնարավոր ծեծկռտուքը կանխելու համար Նապոլեոն Ազիզյանն Աշոտյանին դուրս տարավ դահլիճից, ինչից հետո կրքերը հանդարտվեցին: Պատգամավորները շարունակեցին կառավարության ծրագրի քննարկումը: