Հատուկ քննչական ծառայությունը հերքում է Գրիգորյանին հարցաքննելու լուրը

«Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննվել է և հայտնել, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է Ռոբերտ Քոչարյանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում:

Եթե անհրաժեշտ լինի, ես էլ կհարցաքննվեմ, Ռոբերտ Քոչարյանն էլ. Նիկոլ Փաշինյան

««Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց»,- նշված է հայտարարության մեջ:

Թերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածում նշվել էր նաև, որ ըստ Գրիգորյանի` 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ:

Ըստ թերթի` Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքն իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:

Քոչարյանի գրասենյակն արդեն արձագանքել է այս հրապարակմանը` նշելով, որ սա բացարձակ հերյուրանք է։