«Արև» բույսերի համար. հայ գյուտարարի հայտնագործությունը կարող է օգնել ֆերմերներին

Երիտասարդ գիտնական Գևորգ Հովհաննիսյանը չորս տարի տքնել է ու ստեղծել բույսերի աճն արագացնող լուսակալը։ «Ֆիտոլայթ» կոչվող սարքը գրեթե պատրաստ է, մնում է կատարելագործել։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Գևորգ Հովհաննիսյանը ծնվել է Հայաստանի հյուսիսում` Արթիկում, և մանկուց զգացել է արևի ջերմության պակասը։ Երբ հանրապետության մյուս մարզերում մարդիկ գումար էին վաստակում գյուղատնտեսությամբ, մասնավորապես բուսաբուծությամբ զբաղվելով, Շիրակի բնակիչները կարող էին հույս դնել լավագույն դեպքում ջերմոցների վրա։ Ու այսպես ծնվեց Գևորգ Հովհաննիսյանի` սեփական արև ստեղծելու երազանքը։

Նա ավելի քան չորս տարի աշխատել է իր հայտնագործության վրա, և ահա նոր սարքը պատրաստ է։ Լամպը կոչել են «Ֆիտոլայթ»` հին հունարեն «ֆիտո» բառից, որը թարգմանաբար նշանակում է «բույս»։

«Մեր լամպերի տակ բույսերն ավելի արագ կաճեն ոչ միայն ջերմոցներում, այլև մութ տարածքներում։ Ֆիտոլայթի մեջ տեղադրված են հատուկ չիպեր` լուսադիոդներ, որոնք 12 տարբեր գույն են արտացոլում։ Բույսը լամպից «վերցնում» է այն գույները, որոնք հարկավոր են աճի համար, այսինքն ֆոտոսինթեզ է տեղի ունենում», — ասում է գյուտարարը։

Տասներկու գույների միաձուլումը վերածվում է վառ մանուշակագույն երանգի, որը, սակայն, որևէ կապ չունի ուլտրամանուշակագույնի հետ։

29 տարեկան Գևորգն իսկական գիտնական է, նա խոսում է փաստերի ու եզրույթների լեզվով, բայց նրա խոսքում, միևնույնն է, հայտնվում են բառեր, որոնք բացահայտում են նրա «ծնողական» սերը Ֆիտոլայթի հանդեպ։

1 / 3
«Ֆիտոլայթի» տակ աճած բույսերը
2 / 3
«Ֆիտոլայթի» տակ աճած բույսերը
3 / 3
Ֆիտոլայթ

Սարքը հայտնագործելուց առաջ Գևորգը հիմնականում զբաղվել է սովորական լամպերով. հավաքել է, նորոգել դրանք։ Մինչև հիմա էլ աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում։

«Դեռ վաղ է ասել` Ֆիտոլայթը փոխեց կյանքս, թե ոչ, բայց ես ու իմ թիմը հույս ունենք, որ լամպերը շատ մարդկանց կյանք կփոխի», — ժպիտով ասում է նա։

Գևորգն ամենաառաջին փորձերն արել է սովորական սամիթի վրա, հետո տեխնոլոգիան ստուգել է այլ բույսերի ու բանջարեղենի վրա։ Վերջնական նպատակին հասել է 2016 թվականին, երբ կարտոֆիլը լույսի ազդեցության տակ սկսել է գրեթե 40%-ով արագ աճել։

Գևորգը սարքի ապագայի հետ կապված բազում նախագծեր ունի։ Փորձերը դեռ շարունակվում են. նա ուզում է հզորացնել լամպը։ Գևորգի թիմը մտածում է դիոդներ արտադրելու մասին, որովհետև Հայաստանում ոչ ոք չի արտադրում, ու նրանք ստիպված պատվիրում են Չինաստանից։

«Եթե կարողանայինք սեփական դիոդները ստեղծել, մեր կյանքը շատ կհեշտանար», — կարծում է երիտասարդ գիտնականը։

«Ֆիտոլայթ» լամպը դեռ հստակ գին չունի։ Տեխնիկական հարցերի վերջնական լուծումից հետո լուսակալը կհայտնվի շուկայում, ընդ որում` ոչ միայն հայկական, այլև համաշխարհային։