Մի վախեցե՛ք, խոսե՛ք, նախարարն օգնություն է խնդրում

ՀՀ առողջապահության նախարարը կոչով դիմել է բժիշկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցում խնդրում է օգնել վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի։

Ինչպե՞ս է նախարար Արսեն Թորոսյանը լուծելու առողջապահության խնդիրները. բացառիկ

«Հարգելի բժիշկներ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ օգնեք մեզ վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում»,- գրել է նա:

Նախարարը նշել է, որ վերջին շրջանում ստանում է անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով:

«Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել azdarar@moh.am հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ անուններ` թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմինները անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում»,- գրել է նախարարը:

Թորոսյանը նշել է` նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում:

«Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա: Մի վախեցե՛ք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք»,- գրառումը եզրափակել է Թորոսյանը:

Նշենք, որ Թորոսյանը հունիսի 5-ին ԱԺ–ում խոսել էր պետպատվերով ծառայությունների մասին։