«Հարցը կարող է լուծվել, ու Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել». Ալիևն Արցախի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր ղեկավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իրական քայլեր կձեռնարկի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի նոր ղեկավարությանը հորդորել է Արցախի հարցի ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իֆթարի (Ռամադան ամսվա երեկոյան ճաշը) ժամանակ հոգևորականների առաջ ելույթ ունենալիս նախագահը Փաշինյանի կաբինետին կոչ է արել չկրկնել նախորդ իշխանությունների սխալները։

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդի սխալները, կիրականացնի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկը», — նշել է Ալիևը։

Իսլամում սուրբ ռամադան ամսվան նվիրված միջոցառումն ի սկզբանե չպետք է քաղաքական համատեքստ ունենար, բայց Ալիևը խոսել է Արցախի մասին։

«Հարցը կարող է լուծում ստանալ, իսկ Կովկասում կարող է խաղաղություն հաստատվել։ Մենք ցանկանում ենք դա, մենք պահանջում ենք հակամարտության կարգավորում, մենք ունենք դրա իրավունքը։ Հուսով ենք, որ այս հարցը մոտ ապագայում կլուծվի բանակցությունների միջոցով», — ասել է Ալիևը։

Փաշինյանն ու Մադրիդյան սկզբունքները. Արցախի հարցով բանակցություններում նոր է՞ջ է բացվելու

Հիշեցնենք` տվյալ պահին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով բանակցություններն իրականացվում են 1+2+3 ձևաչափով. որպես կանոն` այդ բանակցություններին մասնակցում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները. տվյալ պահին` Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ)։

Նախկինում բանակցություններին մասնակցում էր նաև Ստեփանակերտը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արցախի մասնակցությունը դադարեցվեց։ Մինչ ՀՀ նախագահ դառնալը նա էր Արցախը ներկայացնում եռակողմ բանակցություններում։