Հրդեհ Երևանում. 34 տարեկան տուժածի վիճակը ծանր է

Նորաշեն թաղամասում 15-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկել: «911» ծառայությանն ահազանգը ստացել է հունիսի 6-ին, ժամը 21:17-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով, որը մարվել է քաղաքացիների ուժերով:

Պատշգամբում այրվել են պատուհանները (մոտ 2 քմ) և մեկ սեղան՝ մասամբ, կենցաղային իրեր, գազի բալոնի խողովակը (0,25 գմ), կոտրվել են պատուհանների ապակիները՝ մասամբ (մոտ 2 քմ):

Փրկարարները Ս. Խ.-ին (ծնված 1984 թ.) դուրս են բերել բնակարանից, իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նա հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: