Եթե ՀՀԿ խմբակցությունում մեկ պատգամավոր մնա, ո՞վ կլինի երկրորդը

ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանին հարցրել են` ո՞ր պարագայում կլքի խմբակցությունը, նա էլ պատասխանել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանին չի մտահոգում այն շարժառիթը, որը ստիպել է պատգամավորներին հեռանալ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունից։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նա։

Սամվել Ալեքսանյանը լքեց «Հանրապետական» խմբակցությունը

«Չգիտեմ ինչ անձնական կամ քաղաքական շարժառիթներից ելնելով, բայց ՀՀԿ խմբակցությունը լքելով մարդիկ իրեն ընտրությունն են կատարում. ինձ դա չի մտահոգում»,- ասաց նա։

Կոստանյանը չցանկացավ խոսել իր գործընկերների քայլերի բարոյական կողմի մասին։ Լրագրողներին հետաքրքրվեց, թե նա ո՞ր պարագայում կլքի ՀՀԿ-ն։

«Կարծում եմ՝ ոչ մի դեպքում, եթե նույնիսկ խմբակցությունում մեկ պատգամավոր մնա, ես կլինեմ երկրորդը, հաստատ։ Խմբակցությունից դուրս կգամ, եթե որոշեմ, որ պատգամավորական մանդատս եմ վայր դնում»,- ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանում իշխանափոխությունից հետո ԱԺ Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունը լքել են պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը:

ՀՀԿ խմբակցությունը, փաստորեն, այլևս ԱԺ–ում մեծամասնություն չէ։ Այս պահին ԱԺ 105 պատգամավորներից միայն 52-ն են ՀՀԿ խմբակցության անդամ` նախկին 58-ի փոխարեն։