Ես կոկաինի հետ կապ չունեմ. ՀՀ փոխվարչապետի խորհրդականը հերքում է

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել է կոկաինի ծանրոցներով և նախաքննության ընթացքում պարզել, որ Գեորգի Մուրադյանը կապ չունի քրեական գործի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանի փոխվարչապետի նորանշանակ խորհրդական Գեորգի Մուրադյանն այսօր դիմեց Sputnik Արմենիային և խնդրեց հերքել «Կոկաին, բանտ, կառավարություն. Հայաստանի փոխվարչապետի օգնականի տարօրինակ կենսագրությունը» վերնագրով հոդվածում նշված տեղեկությունները։

Կոկաին, բանտ, կառավարություն. Հայաստանի փոխվարչապետի օգնականի տարօրինակ կենսագրությունը

Նշված հոդվածում Sputnik Արմենիան հղում էր արել «Հրապարակ» թերթի «Նարկոդիլերը ՀՀ գլխավոր հյուպատո՞ս» հրապարակմանը, որը նշված պարբերականի կայքում էր տեղադրվել դեռ 2012 թվականի մարտի 29-ին։ Այդ հոդվածում թերթը մի շարք տեղեկություններ էր հրապարակել Մուրադյանի մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մուրադյանը նշեց, որ «Հրապարակի» ներկայացրած տեղեկությունները սուտ են։

«Որևէ մեկն իմ անունով կոկաինի ծանրոց չի ուղարկել։ Այս ամբողջ պատմությունը հպանցումային կապ է ունեցել ինձ հետ։ Նշված քրեական գործի շրջանակում, որով զբաղվում էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, նախաքննությունը միանշանակ եզրահանգեց, որ ես ընդհանրապես կապ չունեմ։ Համապատասխան փաստաթղթերն իմ ձեռքում են»,- ասաց Մուրադյանը` ընդգծելով, որ իր նկատմամբ մեղադրանքները հանվել են, և ինքը չի դատապարտվել։

Հայաստանի փոխվարչապետի խորհրդականը հայտնեց նաև, որ 2012 թվականին, երբ լույս է տեսել «Հրապարակի» այդ հոդվածը, անձամբ այցելել է խմբագրություն և առաջարկել է ծանոթանալ քրեական գործի հինգ հատորներին, որոնցում նշված է, որ Մուրադյանը առնչություն չունի այդ գործի հետ։

«Սակայն խմբագրությունում հրաժարվեցին ինձ լսել»,- ասաց Մուրադյանը։

Նրա խոսքով` թերթն այդպես էլ հոդվածի հերքում չհրապարակեց։

Հետաքրքիր փաստ. Ավինյանի խորհրդական նշանակվելու լուրը հրապարակվել է այսօր` հունիսի 6-ին, բայց նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ կառավարությունում աշխատանքի է անցել մայիսի 20-ին` 17 օր առաջ։ Մուրադյանը Sputnik Արմենիային հետ զրույցում բացատրեց նաև այս հանգամանքը։ Նրա խոսքով` քանի որ այդ ժամանակաշրջանում քննարկվել է կառավարության կանոնադրությունը, նշանակման հրամանագրի համար իրավական հիմքեր չեն եղել, բայց նա արդեն կատարել է իր պարտականությունները։