Նոր բացահայտում. լուծարված պետական հիմնարկը պետբյուջեից 174 մլն դրամ է «գողացել»

ՀՀ գլխավոր դատախազությունը նոր բացահայտում է արել. պետությանը պատճառել են 174 մլն դրամի վնաս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը 2017թ. նոյեմբերի 30-ին կառավարության որոշմամբ լուծարվել է, պարզվում է` իր գործունեության ընթացքում պետությանը 174 մլն դրամի վնաս է պատճառել։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ չարաշահումը հայտնի է դարձել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրականացրած մոնիտորինգի շնորհիվ, որի արդյունքները ներկայացվել են դատախազություն։

Բացահայտվել է հափշտակությունների նոր շղթա` գյուղապետներ, մարզպետարան, նախարարություն

Այսպես` 2011-2017 թթ-ի ընթացքում բազմաթիվ դեպքերում ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը տնտեսվարող սուբյեկտների կողմից խախտումների դեպքեր է հայտնաբերել, որոնցով դրանք պետք է տույժ-տուգանքներ վճարեին։

Սակայն «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, տնտեսվարող սուբյեկտներից համապատասխան գումարները գանձելու միջոցներ չեն ձեռնարկել: Արդյունքում պետությանը պատճառվել է 174 մլն դրամի վնաս։

Իսկ 2017թ. նոյեմբերի 30-ին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին: