ՌԱԴԻՈ

Աշոտյան. «Հրաժարականները քաղաքական հետապնդումների հետևանք են»

ՀՀԿ խմբակցությունից հեռանալու գործընթացը կշարունակվի։ Այսօր, լրագրողների հետ զրույցում նման կանխատեսում է արել ՀՀԿ փոխնախագահը։
Sputnik
Արմեն Աշոտյան. այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մենք մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը

Գործարար պատգամավորների հրաժարականները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դիտարկում է քաղաքական հետապնդումների համատեքստում։ Այս մասին նա այսօր հայտնել է լրագրողների հետ զրույցում` հիշեցնելով, որ հեղափոխության առաջին իսկ օրերից ինքը նման մտավախություն հայտնել էր։

Սամվել Ալեքսանյանը լքեց «Հանրապետական» խմբակցությունը

«Քաղաքական հետապնդումներն այսօր փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ կա ընտրողական արդարության միտում, և դրա կիրառումը չի նպաստելու հեղափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»,– ասել է Աշոտյանը։

Նրա խոսքով` պետական տարբեր ատյանների գործողություններն այսօր իրականացվում են քաղաքական մոտիվներով։

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցությանը, Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ անկախ քաղաքական գործընթացներից ՀՀԿ–ն «պահպանում է միասնականությունը և փորձում ներկայանալ որպես միասնական քաղաքական միավոր»։

Արմեն Աշոտյանը չի բացառում նաև, որ խմբակցությունից հրաժարականների գործընթացը կշարունակվի, բայց ոչ մեծ ծավալով։