ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դարձյալ անդրադարձավ ԱԱԾ բացահայտումներին ու հակամրցակցային պայմանավորվածությունների շուրջ նախկին իշխանության տեղեկացվածությանը:
«Դա պարզապես գյուղացիների բոյկոտը դադարեցնելու մի ձև է եղել, քանի որ գյուղացիներից գյուղմթերքը գնելիս հնարավոր չէր փաստաթղթավորում իրականացնել: Օրենքում կազուս կար, օրենքը կարգավորելու համար ժամանակավոր լուծում էր տրվել, որ շարունակեն աշխատանքը մինչև օրենքի այդ կազուսը կլուծվի»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ համապատասխան օրենսդրական կարգավորումն արդեն պատրաստ է և այսօր պետք է ներկայացվի կառավարությանը:
«Օրենքի շեղում չի եղել, պարզապես պայմանավորվածություն է եղել, որ գյուղացին չտուժի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Մեկնաբանելով ԱԱԾ պետի հայտարարությունն այն մասին, որ պայմանավորվածությունը տարածվել է միայն 11 խոշոր առևտրային ցանցերի վրա, Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ այստեղ արտոնությունների խնդիր չկա, պարզապես մյուսները չեն ցանկացել:
«Ազատ է եղել, որևէ մեկին որևէ արտոնություն չի տրվել: Քննությունը կպարզի»,- ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք` «Ալեքս հոլդինգ» առևտրի ցանցին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետներում ԱԱԾ-ն հայտնաբերել էր, որ գյուղմթերքն ու մսամթերքը վաճառվում է տարբեր անձանց, այդ թվում` սուպերմարկետի աշխատակիցների անուններով գրանցված կեղծ Ա/Ձ-ների անվան տակ: Ընդ որում, բացահայտված դեպքերից մեծամասնության պարագայում այդ անձինք անտեղյակ են եղել իրենց փաստաթղթերով կատարվող գործարքների մասին: Օրերս ԱԱԾ պետը հայտարարեց, որ մնացած 11 խոշոր ցանցերին ժամանակ է տրվել վերականգնելու նույն կարգով բյուջեից թաքցրած հարկերը` հակառակ դեպքում դրանցում ևս ստուգումներ կսկսվեն:
Այս հայտարարությունից հետո Երևանյան բոլոր խոշոր սուպերմարկետները, բացի «Քարֆուրից», միաժամանակ 20%-ով բարձրացրին գյուղմթերքի ու մսամթերքի գները` պատճառաբանելով, որ Ա/Ձ-ներից գանձվող 5%-ի փոխարեն այժմ ստիպված են 20% հարկ վճարել: Մեկ օր անց վարչապետի չհայտարարված այցերից հետո գները դարձյալ իջեցրին նախկին մակարդակին:
Նշենք նաև, որ ԱԱԾ բացահայտումների մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ նման որոշում կայացվել էր գործարարների ու իշխանության քննարկումներից հետո` գնաճը կանխելու նպատակով: